Շոտլանդական փոքրիկ Լիսմոր կղզու բնակիչներն իրենք են կազմակերպել հնագիտական պեղումներ և VI դարի խոշոր վանքի մնացորդներ, ինչպես նաև ոսկուց և արծաթից զարդերի արտադրության հազվագյուտ վկայություններ հայտնաբերել, գրում է The Guardian-ը։
Գտածոները ցույց են տալիս, որ Սուրբ Մոլուագի հիմնած Լիոս-Մոր վանքը շատ ավելի նշանակալի է եղել, քան նախկինում էր համարվում։
Արգայլ շրջանի Օբան քաղաքի մերձակայքում գտնվող կղզում այսօր շուրջ 190 մարդ է ապրում։ Պատմական աղբյուրները վկայում են, որ դեռևս VI դարում այստեղ գոյություն է ունեցել վանական բնակավայր՝ կապված իռլանդացի միսիոներների հետ, որոնք քրիստոնեությունը տարածում էին Բրիտանիայի հյուսիսում։ Սակայն մինչև վերջերս գրեթե ոչինչ չէր պահպանվել մակերևույթի վրա, բացի վաղ շրջանի քարե խաչի մի քանի բեկորներից։
Տեղական պատմական ընկերությունը որոշել է պարզել, թե ինչ է թաքնված գետնի տակ։ Բնակիչները միջոցներ են հավաքել դրամաշնորհների, նվիրատվությունների, տեղացիներից ստացած ժառանգության և քրաուդֆանդինգի միջոցով և հրավիրել Argyll Archaeology-ի հնագետ Քլեր Էլիսին՝ ղեկավարելու պեղումները։ Աշխատանքներին մասնակցել են հենց կղզու բնակիչները և այլ կամավորներ։
Հնագետները հայտնաբերել են ընդարձակ գերեզմաններ, քարե զարդարված դետալներ և վաղ շրջանի շինությունների մնացորդներ՝ VI դարի խոշոր վանքին բնորոշ հատկանիշների ամբողջություն։ Իր մասշտաբով այն համեմատելի է եղել Այոնա կղզու շատ ավելի հայտնի վանական կենտրոնի հետ։
Հատկապես կարևոր գտածո են դարձել մետաղների հալեցման համար օգտագործված բազմաթիվ թորանոթները (crucible)։ Վերլուծությունը ցույց է տվել, որ դրանցում հալեցվել են ոսկի, պղինձ և արծաթ, և, հավանաբար, պատրաստվել են զարդեր։ Խոսքը բարձր կարգավիճակ ունեցող արհեստագործական արտադրության մասին է, որը կղզում շարունակվել է արդեն VII դարում։
Աբերդինի համալսարանի հնագիտության պրոֆեսոր Գորդոն Նոբլի պատմելով՝ մինչև այս պեղումները վաղ միջնադարյան Լիսմորի պատմության մասին չափազանց քիչ բան էր հայտնի։ Նոր գտածոները վկայում են, որ այստեղ կարևոր վաղքրիստոնեական կենտրոն է գոյություն ունեցել։
Հետազոտությունը կարող է նաև փոխել պատկերացումները վանքի հիմնադիր Սուրբ Մոլուագի դերի մասին։ Նա երկար ժամանակ մնացել է Այոնայի վանքի հիմնադիր Սուրբ Կոլումբայի ստվերում։ Պեղումների կազմակերպիչներից մեկի՝ Ռոբերտ Հեյի կարծիքով, այն հանգամանքը, որ Մոլուագը չի ունեցել իր սեփական կենսագիրը, հանգեցրել է նրան, որ Շոտլանդիայում քրիստոնեության տարածման գործում նրա ներդրումը թերագնահատվել է։
Միևնույն ժամանակ, պեղումներն ինքնին տեղական համայնքի նախաձեռնած հնագիտության անսովոր օրինակ են դարձել։ Գաղափարը պատկանել է կղզու պատմական ընկերությանը, իսկ արհեստավարժ հնագետները բնակիչներին օգնել են այն կյանքի կոչել։
Լիսմորի հետազոտությունների արդյունքները կհրապարակվեն Antiquity հնագիտական հանդեսի մոտակա համարում։





























