Ամերիկյան Figure ռոբոտատեխնիկական ընկերությունը դուրս գրած մարդանման ռոբոտներին ուղարկել է հալման վառարան, որտեղ դրանք վերածվել են հալված մետաղի, գրում է Interesting Engineering-ը։
Դրաից առաջ ինժեներները ստիպված են եղել մեքենաներին սովորեցնել ֆիննական Իմատրա քաղաքում գտնվող ձուլարանի գործարանում ինքնուրույն ցատկել 75-տոննանոց էլեկտրական աղեղային վառարանի մեջ։
Ընկերությունը որոշել է ազատվել F.02 ռոբոտներից F.03 նոր սերնդի հայտնվելուց հետո։ Հին մեքենաները աշխատունակ վիճակում պահելն այլևս իմաստ չուներ, իսկ յուրաքանչյուր ռոբոտն առանձին ապամոնտաժելը կնշանակեր ծախսել ինժեներական ռեսուրսներ, որոնք անհրաժեշտ էին հաջորդ մոդելի մշակման համար։
Սովորական ուտիլիզացիան նույնպես խնդիր էր ստեղծում. ռոբոտները պարունակում էին լիթիում-իոնային մարտկոցներ, իսկ դրանց հետ միասին՝ մեծ քանակությամբ մասնագիտացված բաղադրիչներ և Figure-ի սեփական տեխնոլոգիաներ։ Ընկերությունը չէր ցանկանում ռիսկի դիմել՝ բացահայտելով կառուցվածքն ու մտավոր սեփականությունը։
Արդյունքում Figure-ը գտել է ֆիննական գործարան, որը համաձայնել է ընդունել ռոբոտներին։ Ուղարկելուց առաջ մեքենաները պետք էր պատրաստել անսովոր առաքելության համար։ Ինժեներները Սան Խոսեում գտնվող ընկերության գլխավոր գրասենյակում տեղադրել են մեծ ապահովագրական բարձիկներ և սկսել են F.02-ին սովորեցնել ցատկել երկրորդ հարկից։ Ուսուցման համար օգտագործվել են կասկադյորների շարժումները, ինչից հետո ինժեներները ստեղծել են կառավարման մոդելի սիմուլյացիա։
Ռոբոտները պետք է ճշգրիտ վայրէջք կատարեին անծանոթ գործարանի անհրաժեշտ կետում։ Սխալվել չէր կարելի. Figure-ն ուներ ընդամենը վեց հալեցման ցիկլ 24 ժամվա ընթացքում։
Էլեկտրական աղեղային վառարանում օգտագործվում են երեք խոշոր գրաֆիտային էլեկտրոդներ, որոնք հալեցնում են մետաղական ջարդոնը։ Յուրաքանչյուր ցիկլին բաժին էր ընկնում մոտ 20 րոպե, մինչև հալված մետաղը սկսում էր սառչել և պատվել կարծր կեղևով։
Ծայրահեղ ջերմաստիճանը լրացուցիչ խնդիրներ է ստեղծել էլեկտրոնիկայի համար։ Էլեկտրամագնիսական դաշտերը խաթարում էին վառարանի շուրջ գտնվող սարքավորումների աշխատանքը, իսկ տեսախցիկներն ու այլ էլեկտրոնային սարքերը խափանվում էին։ Միևնույն ժամանակ, Figure-ի պատմելով, ռոբոտները շարունակում էին կատարել նախապես սովորեցված շարժումները նույնիսկ սարքավորումների մի մասի խափանումից հետո։
Արդյունքում F.02-ներն իսկապես ուղարկվել են վառարան և ամբողջությամբ վերահալվել։ Սակայն ստացված մետաղը Ֆինլանդիայում չի մնացել. ընկերությունն այդ մետաղից պատրաստված մետաղական ձուլակտորները հետ է ուղարկել ԱՄՆ։
Figure-ը նախատեսում է մշակել այս նյութը և թողարկել F.02-ից պատրաստված հուշանվերային իրերի փոքր շարք։ Այսպիսով, դուրս գրված ռոբոտների մի մասը նոր կյանք կստանա արդեն բոլորովին այլ ձևով։
Ընկերությունում ընդգծում են նաև, որ այս անսովոր գործողության նկարահանումներն իրական են եղել. ռոբոտները ֆիզիկապես ժամանել են Ֆինլանդիա և ինքնուրույն կատարել են վառարանի մեջ ցատկերը, իսկ տեսանյութը ստեղծված չի եղել համակարգչային գրաֆիկայի միջոցով։
2025 թվականի հոկտեմբերին Figure-ի ներկայացրած F.03-ը դարձել է ընկերության մարդանման ռոբոտների հաջորդ սերունդը։ Մեքենան ստացել է նոր սենսորային համակարգ և ձեռքեր, որոնք հատուկ մշակվել են Figure Helix սեփական համակարգի համար. այն միավորում է տեսողությունը, լեզուն և ռոբոտի գործողությունների կառավարումը։
Նոր մոդելում միաժամանակ փոփոխություններ են հայտնվել տնային պայմաններում օգտագործման համար՝ ավելի փափուկ արտաքին նյութեր, անլար լիցքավորում և բարելավված աուդիոհամակարգ։ Բացի դրանից, ընկերությունն ուժեղացրել է մարտկոցի պաշտպանությունը, որպեսզի ռոբոտը մարդկանց կողքին անվտանգ աշխատի։





























