Հայաստանն ու հայ ժողովուրդը պետք է ճիշտ գնահատեն պատմական պատասխանատվությունը և քայլեր ձեռնարկեն խաղաղություն ապահովելու համար: Այս մասին Բաքվում ընթացող Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների հարցերով խորհրդաժողովի (ԱՓՎՄԽ) առաջին մեդիաֆորումի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Խալաֆ Խալաֆովը:
Նա նշել է, թե Ադրբեջանը, դժվարին ժամանակներ հաղթահարելով, միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների հիման վրա վերականգնել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:
«Այդուհանդերձ, մեզանից յուրաքանչյուրը պետք է ապահովի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի իրագործումը: Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտին Ադրբեջանի նախագահը Հայաստանին առաջարկեց տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատել և գործնական բոլոր քայլերն իրականացրեց խաղաղ գործընթացն առաջ մղելու համար: Հայաստանն ու հայ ժողովուրդը պետք է ճիշտ գնահատեն պատմական այս պատասխանատվությունը և քայլեր ձեռնարկեն խաղաղության հասնելու համար», — նշել է նա:





























