Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ԵԽԽՎ-ի՝ հունիսի 7-ին ՀՀ-ում կայացած ընտրությունների վերաբերյալ վերջերս հրապարակված զեկույցին:
Հոկտեմբերի 1-ի ճեպազրույցի ընթացքում վարչապետը հայտարարել է, որ կիսում է զեկույցում տեղ գտած բոլոր մտահոգությունները, և խոստացել է մանրամասն ուսումնասիրել փաստաթուղթն ու ներկայացված առաջարկությունները: Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի իշխանություններն ընտրություններից հետո իրենք են արձանագրել ընտրական համակարգում արմատական փոփոխություններ անելու անհրաժեշտությունը՝ խախտումները բացառելու կամ նվազագույնի հասցնելու համար:
Որպես հիմնական խնդիր՝ Փաշինյանը նշել է ընտրակաշառքը. ընդ որում, վարչապետի պնդմամբ, այդ ահազանգերը հնչել են հենց քաղաքացիական հասարակության կողմից, ինչին իշխանությունները արձագանքել են քրեական գործերի հարուցմամբ: Անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ կապված միջադեպին՝ Փաշինյանը կարծիք է հայտնել, որ քաղաքացիների լեգիտիմ ընտրությունը չի կարելի ստորադասել մեկ-երկու դեպքի: Հիշեցնենք, որ խոսքը մի քանի տեղամասերում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին է, որից հետո ԿԸՀ-ն հրաժարվեց այնտեղ վերաքվեարկություն անցկացնել, և ԲՀԿ-ն չանցավ խորհրդարան: Այնուամենայնիվ, վարչապետի համոզմամբ, համապետական պատկերը փաստում է, որ քաղաքացիները չեն կարծում, թե իրենց կամքը հաշվի չի առնվել, իսկ այդ պատճառով վերաքվեարկություն անցկացնելը կնշանակեր աղավաղել ընտրությունների բուն իմաստը: Եվ, այդուհանդերձ, ապագայում նման դեպքերը բացառելու համար անհրաժեշտ է փոխել համակարգն ու բարձրացնել ընտրական համակարգի որակը: Սեփական քաղաքական ուժի համար ամենամեծ սպառնալիքը Փաշինյանը տեսնում է «ՀՀԿ-անալու» մեջ: «Մեր ամենամեծ ռիսկը ՀՀԿ դառնալն է. դա պետք է կառավարել, քայլեր ձեռնարկել նման երևույթներն արմատախիլ անելու համար, հակառակ դեպքում նույն ճակատագիրն է սպասվում: Ընտրության հարց է. եթե ուզում ենք՝ այո, բայց առողջ տրամաբանությունը հուշում է, որ չպետք է ուզենք: Հարցը հավերժ իշխանության ղեկին մնալը չէ, խոսքը դրա մասին չէ», — նկատել է նա:





























