Հայաստանի կառավարությունը պետք է խաղաղության նկատմամբ հանրային վստահությունը հասցնի վերջնական արդյունքի, այսինքն՝ խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ու վավերացմանը։ Հոկտեմբերի 1-ի կառավարության նիստում այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ տնտեսական ակտիվությունն ու անշարժ գույքի շուկայի ցուցանիշները վկայում են քաղաքացիների լավատեսության մասին:

«Տնտեսությունը մեծապես կապված է մարդկանց սպասումների և տրամադրությունների հետ: Տնտեսական ցուցանիշներն արտահայտում են խաղաղության նկատմամբ վստահությունը՝ չնայած լրահոսում շրջանառվող խուճապային գնահատականներին», — ասել է վարչապետը:

Նա վստահեցրել է, որ խաղաղությունն արդեն իրականություն է դարձել, սակայն դեռևս ամբողջությամբ ինստիտուցիոնալացված չէ: Փաշինյանի համոզմամբ՝ կառավարությունը պետք է արդարացնի մարդկանց սպասումներն ու գործընթացը հասցնի ավարտին:

«Միջանկյալ հանգրվանին հասել ենք։ Բայց դա միջանկյալ հանգրվան է, վերջնական հանգրվան չի։ Եվ պետք է դեպի վերջնական հանգրվանը շարժվենք», — հավելել է նա:

Խաղաղության համաձայնագրի ստորագրման ու վավերացման անհրաժեշտության համատեքստում կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև TRIPP նախագծին, սահմանազատմանը, ճանապարհների ապաշրջափակմանը, Թուրքիայի հետ գործընթացին, «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհին և «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգին:

Նիկոլ Փաշինյանը կոչ է արել կառավարության անդամներին քաղաքական ուղերձներն ու ռազմավարությունները ձևավորել հենց այս առաջնահերթության շուրջ՝ կենտրոնանալով բուն խնդիրների և գործնական լուծումների վրա:

Գործադիրի ղեկավարը հավելել է, որ «ամենօրյա տեղեկատվական աղմուկը» չպետք է շեղի իշխանություններին գլխավոր նպատակի իրագործումից: