Եթե տվյալներ ունեցել են, որ ադրբեջանցին մեր երկրի տարածք է մտել, ուրեմն ԱԱԾ-ն իր ծառայությունը խստացրել է. բնակիչների շրջանում իրազեկում արել են, թե չեն արել, չեմ կարող ասել, բայց վստահ եմ՝ ոստիկանությանն են ներգրավել, սահմանապահ զորքերի ծառայողներին, որոնողական, փնտրողական աշխատանքներ իրականացրած կլինեն։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը՝ անդրադառնալով Սյունիքում ադրբեջանցի զինծառայողի սահմանը հատելու և Շաքիի բնակչի ոտքին կրակելու դեպքին։
Դիտարկմանը, որ նա, փաստորեն, երկու օր թաքնվել է և ԱԱԾ–ականների կողմից հայտնաբերվել է միայն կրակոցի դեպքից հետո, նա ասաց. «Իրավիճակային պետք է նայել. կարող է այնպես է թաքնվել, որ չեն կարողացել գտնել։ Իհարկե, լավ կլիներ, որ ավելի շուտ հայտնաբերեին, որ այդ դեպքն էլ տեղի չունենար։ Դետալացված պետք է հասկանալ՝ փնտրողական, որոնողական աշխատանքները արդյոք ճիշտ են կազմակերպվել, արվե՞լ է այն ամենը, ինչ պետք է արվեր, թե ոչ։ Հաստատված պլաններ գոյություն ունեն, որոնց շրջանակներում էլ այդ ամենն իրականացվում է, ճանապարհներ են փակվում, բնակչությունն է իրազեկվում։ Եթե բնակիչները տեղյակ չեն եղել, եթե տեսանելի որոնողական աշխատանքներ չեն իրականացվել, ուրեմն թերացել են»։
ԱԱԾ նախկին տնօրենը նաև նկատեց, որ ԱԱԾ–ի ոչ մի աշխատող չի կարող փակ տունը բացել, մտնել. «Դու չես կարող բացել, նայել՝ տանը մարդ կա, թե չկա, եթե դու չունես տվյալ, որ այնտեղ մարդ կա թաքնված։ Պատկերացրեք, փակ տուն է, արտաքինից չի երևում, որ ներխուժում է եղել, ինքն էլ այդտեղ ծվարել է, կարող են չէ՞ չտեսնել»։
Ինչ վերաբերում է նրան, որ բնակիչներն էլ տեղյակ չեն եղել, նա արձագանքեց. «Գյուղապետի, համայնքի ղեկավարի մակարդակով կամ, օրինակ, հովիվներին զգուշացրած կլինեն։ Ես դետալացված չգիտեմ՝ ինչ են արել, որ գնահատեմ, արդյունավետ է, թե ոչ»։Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքի Շաքի բնակավայրում այսօր արտառոց դեպք է տեղի ունեցել. Սիսիանի բնակիչներն ահազանգում են, որ իրենց տեղեկություններով արդեն 4-5 օր է՝ սահմանը ադրբեջանցի է հատել, սակայն նրան չեն կարողացել գտնել։ Վերջինս անհայտ հանգամանքներում այսօր կրակել է Շաքիի բնակիչ երիտասարդ աղջկա ոտքին։
«Աղջկա անունը Անի է, հենց Շաքիի բնայիչ է, լավ է, որ վիրավորումը ոտքի հատվածում է։ ԱՄբողջ զորքը էս պահին Շաքիում է, մարդիկ սարսափած են, ահաբեկված»,– NEWS.am-ին պատմեց Շաքիի բնակիչը։
ԱԱԾ–ն այս առնչությամբ հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է. «Սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողը անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը։
Չի բացառվել, որ նա կարող էր ապօրինի հատած լինել Հայաստանի Հանրապետության սահմանը։ Դրանից հետո Հայաստանի և Ադրբեջանի իրավասու մարմիններն իրականացրել են համապատասխան որոնողական աշխատանքներ։
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։15-ին, ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել են ՀՀ քաղաքացու ոտքին։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների օպերատիվ խմբեր։ Ձեռնարկվել են անհետաձգելի միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Պարզվել է, որ հանցագործությունը կատարել է ադրբեջանցի զինծառայողը, որը ձերբակալվել է։
Դեպքի մանրամասները ներկայացվել են նաև ադրբեջանական կողմին։ ՀՀ քննչական կոմիտեում դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ»։


























