Ադրբեջանը սպասում է միայն մեկ վերջին քայլին՝ Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուն, որոնք կվերաբերեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներին, որից հետո վերջնական խաղաղության համաձայնագիրը կդառնա իրականություն։ Այս մասին Բաքվում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, Ադրբեջանի նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը, CAMCA 2026 տարածաշրջանային համաժողովում։

Նրա խոսքով՝ Հարավային Կովկասում հաստատվել են խաղաղություն և անվտանգություն, սակայն կարևոր է ապահովել դրանց կայունությունը։

Նա նշել է, որ երկար տարիներ շարունակված հայ-ադրբեջանական հակամարտությունը կարգավորվել է, և Ադրբեջանը ցուցաբերել է ռազմավարական համբերություն ու առաջնորդություն։

«Մենք միշտ ասել ենք, որ հաղթել ենք պատերազմում, բայց կարևոր էր անել ևս մեկ բան՝ խաղաղություն շահել։ Սա իսկապես չափազանց բարդ խնդիր էր, որը պահանջում էր ռազմավարական մտածողություն, համբերություն և նախագահի առաջնորդություն»,- ընդգծել է նախագահի օգնականը։

Հաջիևի խոսքով՝ այժմ տարածաշրջանում դե ֆակտո խաղաղություն է տիրում։

«Ինչպես ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, մենք ապրում ենք խաղաղության պայմաններում և նույնիսկ սովորում ենք ապրել խաղաղության պայմաններում։ Մեր անկախության առաջին օրերից հողի վրա բավարար խաղաղություն չի եղել։ Բայց այժմ մենք ջանասիրաբար աշխատում ենք, և այսօր տարածաշրջանում դե ֆակտո խաղաղություն կա։ Սակայն խաղաղությունը չպետք է մնա միայն թղթի վրա»,- նշել է նա։

Հաջիևը հավելել է, որ խաղաղության համաձայնագրի վերջնական կնքման համար սպասվում է Հայաստանի Սահմանադրության մեջ համապատասխան փոփոխությունների կատարում։

«Մենք սպասում ենք միայն մեկ վերջին քայլին՝ Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուն, որոնք կերաբերեն են Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներին։ Դրանից հետո, կարծում եմ, վերջնական խաղաղության համաձայնագիրը կդառնա իրականություն»,- ասել է նա։