Նախօրեին Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրում արձանագրված դեպքով ևս մեկ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այս մասին NEWS.am–ին հայտնում են դատաազությունից։
Հաղորդագրության մեջ ասվում է. «Դատախազությունը նախօրեին տեղեկացրել էր, որ 2026 թվականի հոկտեմբերի 1-ին Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրում արձանագրված դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (զենքի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս հասցնելը), 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի ապօրինի շրջանառությունը) և 207-րդ հոդվածի 1-ին մասով (բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը): Նույն դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 469-րդ հոդվածի 1-ին մասով (պետական սահմանն ապօրինի հատելը) և 340-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի մաքսանենգություն): Նախաձեռնված այս վարույթը միացվել է մայր վարույթին»։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքի Շաքի բնակավայրում երեկ՝ հոկտեմբերի 1–ին, արտառոց դեպք է տեղի ունեցել. Սիսիանի բնակիչներն ահազանգել են, որ իրենց տեղեկություններով արդեն 4-5 օր է՝ սահմանը ադրբեջանցի է հատել, սակայն նրան չեն կարողացել գտնել։ Վերջինս անհայտ հանգամանքներում այսօր կրակել է Շաքիի բնակիչ երիտասարդ կնոջ ոտքին։
ԱԱԾ–ն այս առնչությամբ հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է. «Սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողը անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը։
Չի բացառվել, որ նա կարող էր ապօրինի հատած լինել Հայաստանի Հանրապետության սահմանը։ Դրանից հետո Հայաստանի և Ադրբեջանի իրավասու մարմիններն իրականացրել են համապատասխան որոնողական աշխատանքներ։
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։15-ին, ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել են ՀՀ քաղաքացու ոտքին։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների օպերատիվ խմբեր։ Ձեռնարկվել են անհետաձգելի միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Պարզվել է, որ հանցագործությունը կատարել է ադրբեջանցի զինծառայողը, որը ձերբակալվել է։
Դեպքի մանրամասները ներկայացվել են նաև ադրբեջանական կողմին։ ՀՀ քննչական կոմիտեում դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ»։
Սյունիքի Շաքի գյուղ ադրբեջանցի է մտել ու կրակել հայ աղջկա ոտքին




























