ԵՄ երկրները սկսել են քննարկել Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հնարավոր հրաժարականի հետևանքները՝ նրա ներպետական քաղաքական դժվարությունների ֆոնին։ Այս մասին, հղում կատարելով աղբյուրներին, հայտնել է եվրոպական Politico պարբերականը։

Ըստ նրա տվյալների՝ քննարկումների պատճառ են դարձել իշխող կուսակցության մի շարք պարտությունները տեղական ընտրություններում, որոնք ուղեկցվել են ծայրահեղ աջերի պատմական հաջողություններով, ինչպես նաև Մերցի սոցիալական քաղաքականության հարցերի շուրջ տարաձայնությունները կոալիցիայի ներսում։ Եվրոպական երկու երկրների կառավարություններ արդեն ներքին խորհրդակցություններ են անցկացրել՝ գնահատելու համար կանցլերի հնարավոր հեռանալու հետևանքները ԵՄ քաղաքականության համար։

Թերթը նաև ընդգծել է, որ Մերցի քաղաքական թուլությունը կարող է բարդացնել Եվրամիության հաջորդ յոթնամյա բյուջեի շուրջ բանակցությունները։ Միևնույն ժամանակ, ինչպես նշել են անանուն դիվանագետները, կանցլերի դիրքերի թուլացումը երկրի ներսում դժվար թե հանգեցնի ԵՄ բյուջեի նկատմամբ նրա մոտեցման մեղմացման։ Ընդհակառակը, կանցլերը կարող է խստացնել իր գիծը՝ այդ կերպ ձգտելով հաջողություն ցուցադրել Գերմանիայի ներսում։ Նրա հրաժարականի դեպքում իրավահաջորդը, հավանաբար, կշարունակի այս կուրսը, քանի որ Գերմանիայում չկա ԵՄ բյուջե կատարվող մուծումները զգալիորեն ավելացնելու ցանկություն։

Գերմանիան հանդես է գալիս Եվրամիության բյուջեի ծախսերի կրճատման օգտին, միավորման առաջնորդները հույս ունեն բյուջեն համաձայնեցնել մինչև տարեվերջ։ Գերմանիան Շվեդիայի, Ֆինլանդիայի, Դանիայի, Ավստրիայի և Նիդեռլանդների հետ միասին պնդում է ծախսերի ընդհանուր կրճատումը, այն դեպքում, երբ զուտ միջոցներ ստացող երկրները, այդ թվում՝ Լեհաստանն ու Ռումինիան, հանդես են գալիս իրենց բաժնի պահպանման օգտին։

ԵՄ բյուջեն հաստատվում է յոթ տարի ժամկետով։ Ընթանում են 2028-2034 թվականների բյուջետային ծրագրի շուրջ բանակցությունները, որի ծավալը, Եվրահանձնաժողովի առաջարկի համաձայն, պետք է կազմի 1,76 տրլն եվրո՝ հաշվի առնելով գնաճը։ Մի շարք երկրներ, այդ թվում՝ Գերմանիան, որը նշանակալի ներդրում է կատարում ԵՄ բյուջեում, այն համարում են չափազանցված։