Անգլիական Դևոնի Բրիքսհեմ նավահանգստում որսացել են տեղական ձկան շուկայի պատմության մեջ ամենախոշոր 282 կգ քաշով կապույտ թյունոսը։ Հաջող որսի մասին գրում է The Independent պարբերականը։
Ձուկը բռնել են կարթաձողով Անգլիայի հարավ-արևմտյան ափերի մոտ։ Թյունոսի երկարությունը կազմել է մոտ 2,7 մետր։ Կապույտ թյունոսի գծով շուկայի նախորդ ռեկորդն այս նմուշը գերազանցել է մոտ 73 կիլոգրամով։
Աճուրդում ձուկը գնել է Flying Fish Seafoods ընկերությունը, որը միշլենյան աստղերով ռեստորաններ է մատակարարում ամբողջ երկրով մեկ։ Գինը չի բացահայտվում, սակայն սովորաբար նման ձուկը վաճառվում է մոտ 14 ֆունտ ստեռլինգով մեկ կիլոգրամի համար, այսինքն՝ այս նմուշը կարող էր արժենալ մոտ 3948 ֆունտ ստեռլինգ։ Մասնագետների գնահատմամբ՝ դրանից կստացվի շուրջ 500 բաժին պրեմիում ֆիլե, իսկ բարձրորակ կապույտ թյունոսից պատրաստված ուտեստները ռեստորաններում սովորաբար արժեն 20 ֆունտ ստեռլինգից մինչև 45 ֆունտ ստեռլինգ։
Աճուրդը, որտեղ վաճառվել է ռեկորդակիր թյունոսը, կազմակերպել է տեղական ձկան շուկան կառավարող Brixham Trawler Agents ընկերությունը, որը ղեկավարում է Բրիքսհեմի ձկան շուկան․ այն ընդունում և գնահատում է որսը, ապա հանում է աճուրդի։
«282 կգ քաշով թյունոս բռնելը ֆանտաստիկ ձեռքբերում է Բրիքսհեմի ձկան շուկայի համար։ Դա բացառիկ որակի ռեկորդային ձուկ է»,- հայտարարել է ընկերության գործադիր տնօրեն Բարի Յանգը։





























