2025 թվականին Հյուսիսային Իռլանդիայի բնակիչներն ավելի քան 800 հազար ֆունտ ստեռլինգ են կորցրել ռոմանտիկ ծանոթությունների քողի տակ իրականացված խարդախությունների պատճառով։ Այս մասին հայտնում է PA Media գործակալությունը, վկայակոչելով Հյուսիսային Իռլանդիայի ոստիկանությանը (PSNI)։
Մեկ տարվա ընթացքում իրավապահները նմանատիպ հանցագործությունների մասին 61 ահազանգ են ստացել։
Ոստիկանությունում զգուշացնում են, որ իրական թվերը կարող են ավելի մեծ լինել, քանի որ տուժողները հաճախ ամաչում են և օգնության չեն դիմում։ Իրավապահների խոսքով՝ նման դեպքերը ոչ միայն ֆինանսական վնաս են հասցնում, այլև ծանր հոգեբանական հետևանքներ են ունենում ու լրջորեն խաթարում մարդկանց վստահությունը։
Ոստիկանության սուպերինտենդանտ Ջոան Գիբսոնը նշել է, որ նման խարդախները «հմուտ մանիպուլյատորներ» են։ Ըստ նրա՝ հավանական զոհի հետ վստահելի հարաբերություններ ստեղծելու համար նրանք օգտագործում են սոցիալական ցանցերն ու ծանոթությունների կայքերը։
Սովորաբար, այս խաբեբաներն արագ ցույց են տալիս իրենց հետաքրքրվածությունը, բայց անընդհատ տարբեր պատճառաբանություններ են գտնում՝ անձամբ հանդիպելուց խուսափելու համար։ Դրանից հետո նրանք սկսում են գանգատվել ֆինանսական դժվարություններից և փող են խնդրում, օրինակ՝ բուժման, դատական ծախսերի, բարեկամներին օգնելու, ճամփորդության կամ ներդրումների համար։ Նրանք կարող են խոստանալ վերադարձնել գումարը, թեև ի սկզբանե նման մտադրություն չունեն։
«Նրանց միակ նպատակը փող գողանալն է»,- շեշտել է Գիբսոնը։
Նա հավելել է, որ զոհ կարող է դառնալ ցանկացած մարդ՝ անկախ տարիքից, սեռից կամ ծագումից։ Եվ նույնիսկ եթե կորցրած գումարը հաջողվում է ետ բերել, խաբված մարդիկ ստիպված են լինում երկար պայքարել խաբեության թողած հոգեբանական հետևանքների դեմ։
Ոստիկանությունը կոչ է արել ծանոթությունների կայքերից և սոցցանցերից օգտվողներին՝ գումար կամ բանկային տվյալներ չփոխանցել մարդկանց, որոնց ճանաչում են միայն համացանցով։ Խորհուրդ է տրվում նաև հնարավորինս երկար շփվել հենց ծանոթությունների հավելվածի կամ կայքի ներսում, սոցցանցերով ստուգել զրուցակցի մասին տեղեկությունները և մեծ զգուշությամբ վերաբերվել գումարի, նվեր-քարտերի, կրիպտոարժույթի, բանկային հաշվի հասանելիության կամ անձնական այլ տվյալների վերաբերյալ խնդրանքներին։
Եթե մարդը կասկածում է, որ խարդախության զոհ է դարձել, ոստիկանությունը խորհուրդ է տալիս անմիջապես դադարեցնել շփումը, տվյալ հարթակի ադմինիստրացիային ահազանգել կասկածելի օգտահաշվի մասին և պահպանել նամակագրությունը, օգտատերերի անունները, վճարումների տվյալներն ու մյուս ապացույցները։




























