Բրիտանական ավտոարդյունաբերությունը կանգնել է բարդ ընտրության առաջ՝ Չինաստանի և Եվրոպական միության միջև. չինական ավտոմեքենաների նկատմամբ մաքսատուրքերի սահմանումը կարող է պաշտպանել Միացյալ Թագավորության գլխավոր արտահանման շուկայի հետ հարաբերությունները, սակայն միաժամանակ հարվածել երկրում չինական մեքենաների վաճառքին և ներդրումներին, գրում է The Guardian-ը։
Ի տարբերություն ԱՄՆ-ի և ԵՄ-ի՝ Մեծ Բրիտանիան առայժմ չի սահմանել լրացուցիչ մաքսատուրքեր չինական ավտոմեքենաների նկատմամբ։ Սակայն Բրյուսելը Լոնդոնին զգուշացնում է, որ առանց նման քայլերի բրիտանական մեքենաները կարող են բախվել նոր առևտրային սահմանափակումների՝ «Արտադրված է Եվրոպայում» քաղաքականության շրջանակում։
Եվրամիությունը բրիտանական ավտոարդյունաբերության ամենախոշոր շուկան է. տարվա առաջին կեսին Միացյալ Թագավորությունից արտահանված ավտոմեքենաների 58%-ը բաժին է ընկել հենց այդ շուկային։ Չինաստանի բաժինը կազմել է մոտ 4%։ Միևնույն ժամանակ չինական արտադրողները արագորեն մեծացնում են իրենց ներկայությունը բրիտանական շուկայում։
2026 թվականի առաջին ութ ամիսներին BYD, Omoda և Jaecoo ապրանքանիշերի մասնաբաժինը ավելի քան եռապատկվել է և հասել նոր ավտոմեքենաների վաճառքի 12%-ին։ Սեպտեմբերին Մեծ Բրիտանիայում նոր մեքենաների վաճառքը տարեկան կտրվածքով աճել է 12,1%-ով՝ հասնելով 350,5 հազար ավտոմեքենայի, իսկ էլեկտրամոբիլների գրանցումները հասել են ռեկորդային 99,2 հազարի։ Շուկայի աճում մեծ դեր են խաղացել էլեկտրամոբիլներն ու չինական ապրանքանիշերը։
Բրիտանացի գնորդների համար չինական ավտոմեքենաները դարձել են գրավիչ՝ ավելի ցածր գների շնորհիվ, իսկ երկրի տնտեսության համար չինական ընկերությունները ներդրումների հնարավոր աղբյուր են։ Մասնավորապես, Chery-ն բանակցություններ է վարում Սանդերլենդում գտնվող Nissan-ի գործարանում ավտոմեքենաների արտադրության շուրջ։
Սակայն մաքսատուրքերի սահմանումը կարող է բարձրացնել գները բրիտանացի գնորդների համար և բարդացնել չինական արտադրողների հետագա ներդրումները։ Բացի այդ, Պեկինի պատասխան քայլերը կարող են հարվածել այն բրիտանական ընկերություններին, որոնք հույս ունեն վաճառքներ իրականացնել Չինաստանում։
Բրիտանական ավտոմոբիլային ոլորտում միասնական կարծիք չկա, թե ինչպես վարվել։ Ոմանք մաքսատուրքերը համարում են անհրաժեշտ՝ հայրենական արտադրությունը չինական ընկերությունների աճող մրցակցությունից պաշտպանելու համար։ Մյուսները զգուշացնում են, որ չինական ներդրումներից հրաժարումը և Պեկինի հնարավոր պատասխան քայլերը նոր խնդիրներ կստեղծեն։
Բրիտանական ավտոարտադրողների և ավտովաճառողների ընկերակցության ղեկավար Մայք Հոուզը հայտարարել է, որ բրիտանական և եվրոպական ավտոմոբիլային ոլորտները սերտորեն կապված են, իսկ բրիտանական մեքենաների համար ամենախոշոր շուկայի փաստացի փակումը վնաս կհասցնի երկու կողմերին էլ։
Միևնույն ժամանակ Եվրամիությունում քննարկվում են «Արտադրված է Եվրոպայում»-ի կանոնները, որոնք կարող են սահմանափակել բլոկից դուրս արտադրված ավտոմեքենաների հասանելիությունը սուբսիդիաներին, հարկային արտոնություններին և պետական գնումներին։ Բրիտանական ավտոմոբիլային ոլորտն արդեն զգուշացրել էր, որ այս կանոններից Մեծ Բրիտանիայում արտադրված ավտոմեքենաների և բաղադրիչների բացառումը վտանգի տակ կդնի մոտ 80 մլրդ եվրո արժողությամբ առևտրային կապերը։
Այսպիսով, Լոնդոնը փորձում է միաժամանակ պահպանել մուտքը եվրոպական շուկա և Միացյալ Թագավորության գրավչությունը չինական արտադրողների համար։
Ոլորտում զգուշացնում են, որ անվերջ հավասարակշռել երկու կողմերի միջև չի ստացվի, և կառավարությունը ստիպված կլինի հստակեցնել իր երկարաժամկետ ուղեգիծը։





























