Հարավային Կորեայի նախագահ Լի Ջե Մյոնը հանձնարարել է անցկացնել հաքերային մի շարք հարձակումների մանրակրկիտ հետաքննություն, որոնց հետևանքով տեղի են ունեցել բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների հաճախորդների անձնական տվյալների արտահոսքեր, հաղորդում է Yonhap-ը։

Վերջին օրերին կիբեռմիջադեպերի մասին հայտնել են երկրի մի քանի խոշոր բանկեր, այդ թվում՝ Shinhan Bank-ը, KB Kookmin Bank-ը և Hana Bank-ը։ Իշխանությունները մտավախություն ունեն, որ հարձակումները կարող են փոխկապակցված լինել, իսկ դրանց մասշտաբները՝ ավելի մեծ, քան այս պահին է հաստատվել։

Հինգշաբթի Shinhan Bank-ը հայտնել է մոտ 25 հազար հաճախորդի տվյալների արտահոսքի մասին։ Գողացված տեղեկությունների թվում են անունները, հեռախոսահամարները և տարեկան եկամտի վերաբերյալ տվյալները։ Բանկային ոլորտի աղբյուրները ենթադրել են, որ հաքերները կարող էին օգտագործել արհեստական բանականության ժամանակակից գործիքներ։

Hana Bank-ից արտահոսել են 89 հաճախորդի տվյալներ։ Եվս մի քանի բանկեր, այդ թվում՝ Woori Bank-ը և NH NongHyup Bank-ը, ենթարկվել են նմանատիպ կոտրման փորձերի, սակայն կարողացել են արգելափակել չարտոնված մուտքը և կանխել տեղեկատվության արտահոսքը։

Նախագահ Լիին տեղեկացրել են տեղի ունեցածի մասին, և նա հանձնարարել է իշխանություններին իրավիճակին վերաբերվել առավելագույն լրջությամբ, մանրակրկիտ հետաքննել հարձակումները և մշակել միջոցներ՝ ապագայում նման միջադեպերը կանխելու համար։

Հարավային Կորեայի ֆինանսական հանձնաժողովը արտակարգ խորհրդակցություն է անցկացրել տուժած կազմակերպությունների ղեկավարների հետ։ Դրա նախագահը հայտարարել է, որ կարճ ժամանակահատվածում անվտանգության բազմաթիվ խախտումներ են բացահայտվել ոչ միայն խոշոր առևտրային բանկերում, այլև խնայողական բանկերում և մասնագիտացված վարկային ընկերություններում։

Ըստ նրա, առայժմ տվյալների այնպիսի արտահոսքի նշաններ, որոնք ուղղակիորեն թույլ կտային իրականացնել չարտոնված վճարումներ, չեն հայտնաբերվել։ Սակայն գողացված տեղեկատվությունը կարող է օգտագործվել ձայնային ֆիշինգի և խարդախության այլ տեսակների համար։ Հանձնաժողովի նախագահը նաև չի բացառել հարձակումների իրականացման ժամանակ ԱԲ-ի կիրառումը։

Հարավկորեական իշխանություններն արդեն ընդլայնում են կիբեռսպառնալիքների մոնիթորինգը՝ այն մտավախության ֆոնին, որ ԱԲ-ի օգտագործումը կարող է հեշտացնել հաքերների համար խոցելիությունների հայտնաբերումը և ֆինանսական կազմակերպությունների վրա հարձակումների իրականացումը։