Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ներկայացուցիչ, փոխծովակալ Ալի Ֆադավին հայտարարել է, որ իրանական ուժերը ստիպել են ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերին երկրի ափերից մոտ 1 հազար կմ հեռանալ, հաղորդում է Press TV հեռուստաալիքը։
«Ամերիկացիները փախան և մեր սահմաններից ավելի քան 1000 կմ հեռացան։ Դա նրանց ընտրությունը չէր, դա տեղի ունեցավ Իսլամական Հանրապետության հզորության և ԻՀՊԿ ցամաքային զորքերի ուժի շնորհիվ»,- հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ֆադավին։
Նա հայտարարել է, որ առաջին անգամ Պարսից ծոցում, Հորմուզի նեղուցում, Օմանի ծոցում և նույնիսկ Հնդկական օվկիանոսի հյուսիսային հատվածում չի մնացել ոչ մի ամերիկյան նավ։ Միաժամանակ նա նշել է, որ ԱՄՆ-ի ռազմանավերը «100%-ով խոցելի են» ԻՀՊԿ-ի կողմից իրականացվող հրթիռային հարձակումների համար։
Միևնույն ժամանակ, Ֆադավիի հայտարարությունը հնչել է Իրանի նավահանգիստների նկատմամբ ԱՄՆ ռազմածովային ուժերի կողմից շարունակվող խիստ ծովային շրջափակման ֆոնին։ Անցած շաբաթ ԱՄՆ ԶՈՒ-ի Մերձավոր Արևելքում կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել էր, որ հուլիսից ի վեր արդեն կալանել է 125 առևտրային նավ, որոնք փորձում էին մուտք գործել իրանական նավահանգիստներ կամ դուրս գալ դրանցից՝ շրջափակման ռեժիմի խիստ պահպանումն ապահովելու համար։





























