Հնդկաստանի Չհատիսգար նահանգի Մահասամունդ շրջանում հովազը ներխուժել է գյուղական տներից մեկն ու վիրավորել վեց մարդու, հայտնում է Times of India տեղական պարբերականը։

«Շաբաթ ուշ երեկոյան հովազը ներս է մտել Մահասամունդ շրջանում գտնվող տներից մեկը և հարձակվել ընտանիքի վեց անդամների վրա», — նշված է հրապարակման մեջ։

Ընտանիքի անդամներին հաջողվել է կենդանուն փակել սենյակներից մեկում։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանությունը, անտառային տնտեսության աշխատակիցներն ու փրկարարները, որոնք քնեցրել են հովազին և դուրս բերել տնից։

Բոլոր տուժածները հոսպիտալացվել են, ընդ որում՝ նրանցից երեքը ստացել են ծանր վնասվածքներ, նշում է թերթը։

Լրատվամիջոցի տվյալներով՝ դեպքից մեկ օր առաջ մոտակա անտառում հովազը հարձակվել էր նաև մի տղամարդու վրա։ Դեռևս հայտնի չէ՝ խոսքը նույն կենդանու մասին է, թե ոչ։