Ազգային ժողովի խորհրդի նիստը տեղի է ունեցել հոկտեմբերի 5-ին: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը:

ԱԺ–ից NEWS.am—ին հայտնում են, որ քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին ու հոկտեմբերի 6-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը:

Սահմանվել է նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: Հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 2 հարց:

Մասնավորապես, օրակարգում է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մի շարք հոգևորականների գործունեության արդյունքում եկեղեցում առաջացած ճգնաժամի և դրա արդյունքում հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելության չկատարման խնդիրներն ուսումնասիրող» քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու վերաբերյալ հարցը և «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին հարցը։

Լրացում է կատարվել ԱԺ խորհրդի 2017 թվականի մայիսի 26-ի ԱԺԽՈ-002-Լ որոշման մեջ։

Խորհուրդը հաստատել է ԱԺ իններորդ գումարման բարեկամական խմբերի և Միջխորհրդարանական հանձնաժողովներում պատվիրակությունների կազմերը։