Լիտվայի իշխանությունները հայտարարել են երկրի տարածքում ամերիկյան մշտական ռազմաբազա ընդունելու պատրաստակամության մասին։ LRT ազգային ռադիոյի եթերում այս մասին ասել է մերձբալթյան հանրապետության պաշտպանության նախարար Ռոբերտաս Կաունասը։

«Մենք պատրաստ ենք տեղակայել ամերիկյան ռազմաբազան։ Լիտվան փոխհատուցում է ԱՄՆ զինվորականների կեցության ծախսերը, զգալի ներդրումներ է անում դաշնակիցների համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծման գործում և լավագույն պայմաններ ապահովում ստորաբաժանումների վարժանքների համար», — նշել է նախարարը՝ ներկայացնելով ամերիկյան բանակի տեղակայման օգտին բերվող փաստարկները։

Այսպես է նախարարն արձագանքել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանն այն մասին, որ ամերիկյան վարչակազմը մտադիր է քննարկել Լիտվայի տարածքում ռազմաբազա հիմնելու առաջարկը։

«Երախտապարտ ենք նախագահին Լիտվային ռացիոնալ և օբյեկտիվ գնահատական տալու համար», — ասել է Կաունասը՝ իր երկիրը դասելով պաշտպանական ներդրումների առաջատարների շարքին։ «Լիտվան անվտանգության ոլորտում ներդրումների առաջատարն է ոչ միայն տարածաշրջանում, այլև ՆԱՏՕ-ի բոլոր անդամների շրջանում»։

2019 թվականից Լիտվայում ռոտացիոն սկզբունքով տեղակայված էր ԱՄՆ բանակի ծանր գումարտակը՝ մոտ 1000 զինվորականով, Abrams տանկերով, Bradley հետևակի մարտական մեքենաներով և Paladin հրետանային համակարգերով։ 2024 թվականի նոյեմբերին որոշվեց ռոտացիան դարձնել անընդհատ՝ առանց ինը ամսվա հերթափոխերի միջև ընդմիջումների։ Սակայն 2026 թվականի հունիսին ԱՄՆ-ն դուրս բերեց այդ գումարտակը Լիտվայից՝ առանց հետագա ներկայության վերաբերյալ տեղեկացնելու։