Հին եգիպտացիները հնարավոր է՝ մոտ 5 հազար տարի առաջ մարդկային զոհաբերություններ էին իրականացնում՝ Վերին և Ստորին Եգիպտոսի մեկ միասնական պետության մեջ միավորումից կարճ ժամանակ անց։ Այս եզրակացությանն է եկել Purdue University-ի մարդաբան Ռոզելին Քեմփբելը, որը կրկին ուսումնասիրել է Աբիդոսում արքայական դամբարանների կողքին թաղված մարդկանց աճյունները, գրում է Live Science-ը։

Հետազոտողը վերլուծել է Ջեր, Ջեթ և Մերիտնեյթ արքաների հետ կապված թաղումներից 46 գանգ, որոնք ապրել են Առաջին դինաստիայի ժամանակաշրջանում։ Նրանց դամբարանները կառուցվել էին հին սրբազան Աբիդոս քաղաքի մոտ, իսկ նրանց կողքին թաղված մարդիկ, ըստ ամենայնի, կապված էին արքայական պալատում ծառայության հետ։

Հնագետները այս թաղումները հայտնաբերել էին դեռևս XX դարի սկզբին։ Այդ ժամանակ բրիտանացի եգիպտագետ Ֆլինդերս Փիթրին ենթադրել էր, որ խոսքը ծառաների և կառավարիչների այլ մերձավորների մասին է, որոնց, հնարավոր է, զոհաբերել են արքայի մահից հետո, որպեսզի նրանք շարունակեն ծառայել նրան հանդերձյալ կյանքում։

Սակայն Փիթրին ոսկորների վրա մահացու վնասվածքների ակնհայտ հետքեր չէր հայտնաբերել, ուստի նրա վարկածը տասնամյակներ շարունակ վիճահարույց էր մնում։

Աճյունների մեծ մասը հետագայում վերաթաղվել է, սակայն 46 գանգ պահպանվել է Քեմբրիջի համալսարանի Դաքվորթի հավաքածուում։ Քեմփբելը դրանք ուսումնասիրել է ժամանակակից դատաբժշկական մեթոդներով և 18 գանգի վրա վնասվածքների նշաններ է հայտնաբերել։

Նրա գնահատմամբ՝ այդ վնասվածքները, հավանաբար, մահացու են եղել։

Մասնավորապես, հետազոտողը հայտնաբերել է գանգի բազմաթիվ գծային կոտրվածքներ։ Ավելի վաղ Փիթրին նման վնասվածքները հետմահու էր համարում։ Ժամանակակից վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանք կարող էին առաջանալ համեմատաբար խոշոր, բայց ոչ շատ ծանր հարթ առարկայով հասցված հարվածների հետևանքով։ Քեմփբելի կարծիքով՝ ամենահավանական գործիքը կարող էր լինել փայտե առարկան։

Նման կոտրվածքները պարտադիր չէ, որ անմիջապես հանգեցնեն մահվան, սակայն կարող են առաջացնել ներգանգային վնասվածքներ և արյունազեղում, որոնք առանց բժշկական միջամտության արագորեն հանգեցնում են գիտակցության կորստի և մահվան։

Հետազոտությունը հրապարակվել է հոկտեմբերի 5-ին Frontiers in Environmental Archaeology ամսագրում։ Ըստ Քեմփբելի՝ ստացված տվյալները վկայում են հօգուտ վաղ Եգիպտոսում արքայական ծառաների զոհաբերությունների գոյության։

Առկա տվյալներից դատելով՝ այդ պրակտիկան կարճատև է եղել։ Հին Եգիպտոսում մարդկային զոհաբերությունների մասին վկայությունները քիչ են և հիմնականում վերաբերում են Առաջին դինաստիային։ Քեմփբելը նշում է, որ նման սովորույթը, հավանաբար, դադարել է Առաջին դինաստիայի վերջում, այսինքն՝ գոյատևել է մոտ երկու դար կամ ավելի քիչ։

Գրոնինգենի համալսարանի եգիպտագետ Յակոբուս վան Դեյկը, որը չի մասնակցել հետազոտությանը, աշխատանքը կարևոր փաստարկ է անվանել վաղ Եգիպտոսում արքայական ծառաների զոհաբերությունների գոյության օգտին։

Միևնույն ժամանակ նա նշել է, որ սպանության ենթադրյալ եղանակն անսպասելի է եղել․ փայտե տախտակների վրա ծիսական սպանությունների պատկերները, ավելի շուտ, մատնանշում են մեկ այլ եղանակ՝ թիկունքում կապված ձեռքերով զոհին կարող էին դանակով խոցել կրծքավանդակի շրջանում։