Մոտ 99 միլիոն տարի առաջ՝ դինոզավրերի դարաշրջանում, նախկինում անհայտ տեսակի մի փոքրիկ միջատ հայտնվել էր ծառի խեժի մեջ։

Ժամանակի ընթացքում խեժը վերածվել էր սաթի՝ միջատը պահպանելով գրեթե անփոփոխ վիճակում։ Այժմ գիտնականներն ուսումնասիրել են բրածոն և նկարագրել նոր տեսակ՝ Cretodorus noonoo, որը ստացել է ոչ պաշտոնական Նունու անունը։

Հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են Insects հանդեսում, իրականացրել են Թել Ավիվի համալսարանի գիտնականները՝ Չինաստանի գիտությունների ակադեմիայի Նանկինի երկրաբանության և հնէաբանության ինստիտուտի հետազոտողի հետ համատեղ։ Նրանք ուսումնասիրել են հին Neazoniidae ընտանիքի 13 բրածո ներկայացուցիչների, որոնք պահպանվել էին բիրմայական սաթում։

Հատկապես անսովոր է եղել միջատի բերանի ապարատը։ Cretodorus noonoo-ի մոտ այն հասնում էր ամբողջ մարմնից գրեթե երկու անգամ ավելի մեծ երկարության և բացառիկ ճկուն էր։ Այս միջատների ժամանակակից ազգակիցները նման կառուցվածքի, ասեղ հիշեցնող բերանի ապարատն օգտագործում են բույսերի հյուսվածքները ծակելու և դրանց հյութը ծծելու համար։

Սակայն հին միջատների բերանի ապարատը ծածկված էր բազմաթիվ լայնակի ծալքերով։ Համակարգչային միկրոտոմոգրաֆիան ցույց է տվել, որ դրանք մակերեսային առանձնահատկություններ չէին, այլ ներքին կառուցվածքի մաս։ Գիտնականների կարծիքով՝ ծալքերը կնճիթին թույլ էին տալիս ծռվել՝ առանց կոտրվելու կամ վնասվելու, ինչպես ճկուն խողովակը կամ ծղոտիկը։

Ճկունության լրացուցիչ ապացույց էին հենց բրածոները։ Մի քանի նմուշների մոտ բերանի ապարատը պահպանվել էր ծռված վիճակում։ Քանի որ սաթը ֆիքսել էր միջատներին խեժի մեջ ընկնելու պահին, հետազոտողները կարծում են, որ նրանք կարող էին կնճիթը ծռել նաև կենդանի ժամանակ։

Գիտնականները ենթադրում են, որ այս անսովոր օրգանը միջատներին օգնում էր ստանալ ծառի հյութը։ Կնճիթը կարող էր ներթափանցել կեղևի նեղ ճաքերի մեջ և ծակող օրգանները հասցնել ծառի ավելի խոր տեղակայված հյուսվածքներին։ Դրա ծայրին կար երկու ակոսավոր բլթակներից բաղկացած անսովոր կառուցվածք, որը, հավանաբար, բացվում էր սնվելու ընթացքում և օգնում էր ամրացնել կնճիթը ճաքի ներսում՝ մոտավորապես այնպես, ինչպես տարածվող խարիսխն է ամրանում անցքի մեջ։

Չնայած թիթեռների կնճիթի հետ նմանությանը՝ հին միջատը, հավանաբար, նեկտարով չէր սնվում։ Նրա բերանի ապարատն ուղղված էր դեպի հետ և նախատեսված էր ծակելու ու հեղուկը ծծելու համար։ Բացի դրանից, գիտնականներն ուսումնասիրված բրածոների վրա չեն հայտնաբերել ծաղկափոշու համոզիչ հետքեր, որոնք կարող էին մատնանշել միջատների դերը փոշոտման մեջ։

Cretodorus noonoo անվանումը ևս կապված է անսովոր կնճիթի հետ։ «Նունու» տեսակային անունը գիտնականները տվել են «Տելեպուզիկներ» մանկական սերիալի կերպարի՝ երկար ճկուն խողովակով փոքրիկ փոշեկուլի պատվին։

Հետազոտողները կարծում են, որ հայտնագործությունը կարող է պատմել նաև կավճային անտառների առանձնահատկությունների մասին։ Այդ ժամանակաշրջանում սնունդ ստանալու համար նախատեսված երկար կամ ծալքավոր օրգաններ անկախ կերպով առաջացել էին միջատների մի քանի խմբերում։ Հնարավոր է, որ հաստ կեղև ունեցող ծառերով անտառներն առավելություն էին ստեղծում մասնագիտացված տեսակների համար, որոնք ունակ էին հասնել խոր տեղակայված հյուսվածքներին։

Գիտնականները նշում են, որ այն անտառներում, որտեղ շատ խեժ էր առաջանում, կային նաև կանոնավոր հրդեհների նշաններ։ Քանի որ հրդեհավտանգ պայմաններում ծառերը հաճախ ձևավորում են ավելի հաստ կեղև, նման էկոհամակարգերը տեսականորեն կարող էին նպաստել սնվելու անսովոր եղանակների առաջացմանը։ Սակայն այս կապը դեռևս մնում է վարկած։

Cretodorus noonoo-ի հայտնագործությունը, ըստ հետազոտողների, ցույց է տալիս, թե որքան անսովոր կարող էին լինել միջատների սննդառության ռազմավարությունները կավճի ժամանակաշրջանում։ Այդպիսի էվոլյուցիոն հարմարեցումներից որոշները հետագայում լիովին վերացել են։