Զանգվածային մշակույթը հաճախ հոգեպաթիկ գծեր ունեցող մարդկանց պատկերում է որպես սառը, անզգացմունք և ներքուստ դատարկ։ Սակայն Միսիսիպիի համալսարանի հոգեբանների հետազոտությունը ցույց է տվել, որ նրանց խոսքի առանձնահատկությունները զգալիորեն ավելի բարդ են․ դրանք կախված են անձի կոնկրետ գծերից և զրույցի համատեքստից։
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Personality and Individual Differences ամսագրում։
Գիտնականները վերլուծել են 450 մարդու ինքնակենսագրական տեքստեր, որոնց թվում եղել են ուսանողներ և նախկինում պատիժ կրած մարդիկ։ Մասնակիցներին առաջարկվել է ազատ ձևով պատմել իրենց կյանքի կարևոր իրադարձությունների՝ դրա լավագույն և վատագույն պահերի, ինչպես նաև բեկումնային դեպքերի մասին։ Այնուհետև նրանք անցել են թեստ՝ հոգեպաթիկ գծերը գնահատելու համար։
Հետազոտողներն օգտագործել են տեքստի վերլուծության ծրագիր և ուսումնասիրել դրական ու բացասական հույզերի, ձեռքբերումների, սոցիալական կարգավիճակի և ռիսկի հետ կապված բառերի հաճախականությունը։
Հոգեպաթիան գնահատելու համար գիտնականները կիրառել են այսպես կոչված տրիարխիկ մոդելի երեք բաղադրիչը. համարձակություն, դաժանություն և ներգին արգելակների բացակայություն՝ ապաարգելակվածություն։ Մարդկանց այս հատկանիշները կարող են դրսևորվել տարբեր աստիճաններով, ուստի հոգեպաթիան դիտարկվում է ոչ թե որպես հստակ կատեգորիա, այլ որպես սպեկտրի վրա տեղակայված անձնային գծերի ամբողջություն։
Ավելի արտահայտված ապաարգելակվածություն ունեցող մասնակիցներն ավելի հաճախ էին օգտագործում բացասական երանգավորում ունեցող բառեր և ավելի հազվադեպ էին հիշատակում ընկերներին, դրական հույզերը և ձեռքբերումները։
Ավելի արտահայտված դաժանությունը, հակառակը, աչէի էր ընկնում ավելի մեծ քանակությամբ դրական բառապաշարով, ձեռքբերումներ և պարգևատրում արտահայտող բառերով, ինչպես նաև բացասական հույզերը նկարագրող ավելի քիչ բառերով։
Ավելի արտահայտված համարձակություն ունեցող մարդիկ ավելի հազվադեպ էին օգտագործում տագնապ արտահայտող բառեր, ինչպես օրինակ «վախ», «սարսափ» և «անհանգստություն», ինչպես նաև ավելի հազվադեպ էին հիշատակում հոգեկան հիվանդությունները։
Միևնույն ժամանակ արդյունքները կախված էին նաև նրանից, թե մասնակիցները կոնկրետ որ հարցին էին պատասխանում։ Սա ցույց է տալիս, որ հոգեպաթիկ գծեր ունեցող մարդկանց խոսքի առանձնահատկությունները մշտական չեն և չեն սահմանափակվում հույզերի բացակայությամբ։
«Մարդիկ հակված են հոգեպաթիան ընկալելու որպես միատարր երևույթ, բայց իրականում այն բազմաչափ է»,- նշել է հոգեբանության դոկտորանտ Քայ Բրեյը։
Հետազոտողները շեշտում են, որ խոսքի առանձնահատկություններով հնարավոր չէ ախտորոշել հոգեպաթիա։ Աշխատանքի նպատակը եղել է պարզել, թե ինչպես առանձին անձնային գծերը կարող են դրսևորվել առօրյա վարքագծում, ներառյալ՝ լեզվում։
Ըստ հոգեբանության դոցենտ Լորա Դրիսլեյնի՝ սեփական կյանքի մասին մարդու պատմությունն օգնում է նրան իմաստավորելու ապրածը, ձևավորելու աշխարհի պատկերը և իր մասին պատկերացումը։ Նման պատմություններում եղած տարբերությունները կարող են մատնանշել այն առանձնահատկությունները, թե ինչպես են տարբեր հոգեպաթիկ գծեր ունեցող մարդիկ ընկալում սեփական կենսափորձը։
Հետազոտությունը նաև արտացոլում է հոգեպաթիայի նկատմամբ ժամանակակից մոտեցումը՝ որպես սպեկտրի, այլ ոչ թե որպես ախտորոշման՝ «հոգեպաթի» և մնացած մարդկանց միջև հստակ սահմանով։
Գիտնականները կարծում են, որ հոգեպաթիայի առանձին բաղադրիչների ուսումնասիրությունը կարող է օգնել ավելի լավ հասկանալու դրանց կապը տարբեր հետևանքների, ներառյալ՝ հանցավորության, կրկնահանցագործության և ինտիմ զուգընկերոջ գործադրած բռնության հետ, ինչպես նաև մշակելու կանխարգելման և բուժման ավելի ճշգրիտ մոտեցումներ։





























