Դեռ չենք քննարկել, բայց դժվար թե միանանք Շաքիում տեղի ունեցած դեպքն ու վերջին ամիսներին բանակում ինքնասպանությունների աճը քննող հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ «Ուժեղ Հայաստան» խմբակցության նախաձեռնությանը։ Հոկտեմբերի 6-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Վովա Հակոբյանը։
Նա ընդգծել է, որ զինվորների ինքնասպանության դեպքերը քննելու համար կան մասնագիտացված մարմիններ, և դա ԱԺ հանձնաժողովի անելիքը չէ։ Հակոբյանը վստահեցրել է, որ պատերազմից հետո անվտանգության ոլորտում անընդհատ բարեփոխումներ են արվում։ «Ինչ վերաբերում է Եկեղեցուն, ապա այնտեղ բարեփոխումներ անելու լիազորություն ունեցողներն ուղղակի չեն ուզում դա անել, որովհետև իրենց ձեռնտու չէ»,— նշել է նա։
Պատգամավորի խոսքով՝ «Ուժեղ Հայաստանից» Էդգար Ղազարյանն արդեն քանի ամիս է՝ սադրիչ հայտարարություններ է անում, իսկ այսօր էլ իշխանություններին մեղադրել է երկիրը աղետի հասցնելու և իբր թալանով զբաղվելու մեջ։ «Ես էլ հակադարձեցի, որ թալանչի հանրապետականները չեն կարող «Քաղաքացիական պայմանագրին» թալանի մեջ մեղադրել։ Դրանից հետո իրենց պատգամավորները թեժացրին իրավիճակը, ինչն էլ վերածվեց քաշքշուկի»,— պատմել է Հակոբյանը՝ հավելելով, որ Էդգար Ղազարյանի ներկայությունը խորհրդարանում «անհարգալից վերաբերմունք է ժողովրդի նկատմամբ»։











