Երեւանի փողոցներում տեղադրված տեսախցիկների արձանագրած նյութերը կարող են վարորդներին վարչական պատասխանատվության ենթարկելու հիմք լինել` հետիոտնի նկատմամբ կատարած խախտման համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Հայաստանի ճանպարհային ոստիկանության ճանպարահապարեկային ծառայության պետ, գնդապետ Նորիկ Սարգսյանը:

«Եթե տեսախցիկն արձանագրել է, թե ինչպես վարորդը ճանպարհը չի զիջում հետիոտնին, մենք կարող ենք ղեկավարվել այդ տեսանյութով եւ տուգանել վարորդին»,-նշեց Ն. Սարգսյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 11-ին Հայաստանի ՃՈ պետի տեղակալ, գնդապետ Հայկ Սարգսյանը, ներկայացնելով  մայրաքաղաքի փողոցներում տեղադրված տեսախցիկների միջոցով արձանագրված խախատումների վերաբերյալ տվյալները, նշել էր, որ հետիոտների նկատմամբ խախտումների վերաբերյալ որեւէ տվյալ չունեն: «Դրա համար հարկավոր է պարզել հետիոտների տվյալները», -նկատել էր նա: Հարցը, թե ինչու չեն վերլուծում խախտում կատարած մեքենաների տվյալները, օրինակ` համարանիշերը, մնացել էր անպատասխան:

Ընդհանուր առմամբ, Նորիկ Սարգսյանի խոսքով, հետիոտնի կողմից կարգուկանոնի չպահպանումը մնում է ՃՈ խնդիրներից մեկը: «Այս տարվա 4 ամսվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է 621 ՃՏՊ: Դրանցից 206-ը վրաերթի դեպքեր են»,-նշեց Սարգսյանը: Ըստ նրա` միայն վարորդին մեղադրելը ճիշտ չէ. «Հետիոտներից շատերը ճանապարհը հատում են որտեղից պատահի, միայն թե իրենց հարմար լինի»:

Բացատրելով ՃՈ կողմից պատժիչ քաղաքականության մեղմացումը,  Նորիկ Սարգսյանը նշեց, որ նպատակը մադկանց սովորեցնելը, երթեւեկության կանոնների պահպանության անհարժեշտությունը քարոզելն է, ոչ թե տուգանելը, հատկապես որ բոլորին հնարավոր չէ տուգանել:

Նրա խոսքով` տեսախցիկների տեղադրումը հանգեցրել է մայրաքաղում ՃՏՊ-ների  թվի կրճատման: Այս տարվա առաջին 4 ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, պատահարների թիվը նվազել է 23-ով,  զոհվածների թիվը` 2-ով, վիրավորներինը` 29-ով:

Այս 4  ամսվա ընթացքում հանրապետությունում ընդհանուր առմամբ ՃՈ աշխատակիցների կողմից հայտնաբերվել է երթեւեկության կանոնների 146 685,  տեսախցիկների կողմից` մոտ 100 000 խախտում: