Դեռ պետք է պարզվի ադրբեջանցի զինծառայողը ինչ պայմաններում է հայտնվել Հայաստանի տարածքում, այսինքն դասալիք է, թե մոլորվել է, ենթադրում եմ դասալիք է, բայց սա զուտ ենթադրություն է։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 6–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։
«Բայց ակնհայտ է, որ գործ չունենք դիվերսիայի հետ, որովհետև եթե գործ ունենայինք դիվերսիայի հետ, ադրբեջանական կողմը նախապես չէր տեղեկացնի հայկական կողմին, որ գիտեք մեր մոտից զինծառայող է կորել, կարող է ձեր մոտ է հայտնվել։ Ակնհայտ է, որ դիվերսիայի դեպքում այդպես չեն անում, հետևաբար լավ լուրն այն է, որ մենք չունենք նպատակաուղղված Ադրբեջանի կողմից ներխուժման հետ, գործ ունենք անհատ զինծառայողի Հայաստանի սահմանը ապօրինի հատելու հետ, դե էլ կպարզվի՝ ոնց։
Հաջորդ շերտը, հատելուց հետո տվյալ զինծառայողը կատարել է ակնհայտ հանցագործություն, որովհետև մտել է մարդկանց տուն, կրակել է մարդկանց վրա, և սա հանցագործություն է, և դրա համար զինծառայողը ձերբակալված է և առաջադրված է մեղադրանք։
Ես չեմ հասկանում, թե ընդդիմությունը ինչի հետ է կռվում, գոյություն չունեցող կարծիքի հետ է կռվում։ Այսօր այնպիսի հարցեր էին տալիս, որ ո՞րն է ձեր քաղաքական գնահատականը, արդյոք դատապարտում եք, կարծես այլ քաղաքական գնահատական կարող է լինել, քան այն, որ մարդու տան մեջ մտնել կրակելը վատ բան է։
Հետևաբար պետք է հիմա մեր արդարադատությունը աշխատի, պետք է ամեն ինչ իր հունով գնա»,–ասաց Ռուբինյանը։
Հաջորդ շերտը, ըստ Ռուբինյանի այն է, թե ինչպես են գործել մեր պատկան մարմինները՝ ՊՆ–ն, գլխավոր շտաբը, ոստիկանությունը, ԱԱԾ-ն. «Դա կարելի է քննարկել։ Կարելի է նաև քննարկել հարցը մարտավարական իմաստով, արդյոք նման դեպքերում զգուշացումը բնակչության օգտական է, թե ոչ, որն է ավելի շատ վնաս, որն է ավելի շատ օգուտ։ Օրինակ, երբ գիտես, որ կա շանս, որ քո տարածքում կա այդ զինծառայողը, բայց կարող է և քո տարածքում չի, կարո՞ղ է այդ դեպքում, եթե բնակչությանը տեղեկացնես, դրա արդյունքում, օրինակ, բնակիչները իրար վրա կրակեն պատահաբար, որովհետև բոլորը մտածում են տարածքում զինծառայող կա։ Եվ այսպես հազար բան կա, որ պատկան մարմինները պետք է քննարկեն և որոշում կայացնեն։
Ես վստահ եմ՝ հիմա հետադարձ հայացքով համապատասխան գործընթացներ կլինեն և կհասկանան՝ ճիշտ է արվել, սխալ է արվել, լավ է արվել, վատ է արվել։ Բայց վերադառնալով վերջին՝ խաղաղության շերտին, քանի որ իմ մոտ տպավորություն է, որ մեր ընդդիմադիր գործընկերները շատ ուրախ են, որ այս միջադեպը եղել է, որովհետև վերջապես իրենց ձեռքում հայտնվել է կռվան, որ ասեն՝ այ սա՞ է ձեր խաղաղությունը։ Բայց ես ուզում եմ նորից կրկնել, որ տվյալ դեպքում սուբյեկտը, ոչ թե Ադրբեջանն է, այլ Ադրբեջանում իր զինծառայության վայրը ապօրինի կերպով լքած, հետո ապօրինի կերպով մեր տարածքում հայտնված, հետո հանցագործություն կատարած անձն է, սուբյեկտը»,– հայտարարեց ԱԺ նախագահը։





























