Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Կալինինգրադի մարզի վրա հարձակվելու սպառնալիքներ ավելի վաղ հնչել էին Բալթյան երկրների և ՆԱՏՕ-ի անդամ այլ պետությունների կողմից։ Նա նշել է, որ դրանից հետո ռուսական կողմը պատասխան հայտարարություն է տարածել, իսկ դաշինքի ներկայացուցիչները սկսել են Մոսկվային հավաստիացնել, որ Ռուսաստանի վրա հարձակվելու ծրագրեր չունեն, հաղորդում է «Коммерсантъ»-ը։

«Անմիջապես սկսեցին մեզ հավաստիացնել, դա անում էին Մարկ Ռյուտեն, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, պարոն Ուիտակերը՝ Բրյուսելում Հյուսիսատլանտյան դաշինքի առընթեր ԱՄՆ ներկայացուցիչը, սկսեցին հավաստիացնել, որ ՆԱՏՕ-ն Ռուսաստանի վրա հարձակվելու որևէ ծրագիր չունի և չի կարող ունենալ»,- մամուլի ասուլիսի ընթացքում ճշտել է Լավրովը։

Նախարարը միաժամանակ հիշեցրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, որն ասել էր, որ Կալինինգրադի մարզի կամ Ռուսաստանի որևէ այլ շրջանի վրա ուղիղ հարձակման դեպքում հնարավոր է կիրառել սպառազինության բոլոր տեսակները։