Սեպտեմբերի 28-ին մի խումբ անձանց մասնակցությամբ վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 01:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արագածոտնի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ոսկեվազ բնակավայրում վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել և կան վիրավորներ, այդ թվում՝ դանակահարվածներ, հաղորդում է Shamshyan.com–ը։
Տեղում քրեական ոստիկանները պարզել են, որ նշված վիճաբանություն-ծեծկռտուքի հետևանքով «Աշտարակ» բժշկական կենտրոն են տեղափոխվել Արագածոտնի մարզի բնակիչ 32-ամյա Դավիթ Հ.-ն, Երևանի բնակիչ 36-ամյա Տիգրան Մ.-ն։
Ոստիկանների մի խումբ էլ մեկնել է «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղ պարզվել է, որ Տիգրան Մ.-ն հիվանդանոց է տեղափոխվել «Կրծքավանդակի թիկնային մակերեսի չթափանցող վերքեր, ձախ գոտկային շրջանի, աջ նախաբազկի ստորին երրորդակնի, ձախ արմնկային շրջանի կտրած վերքեր», իսկ Դավիթ Հ.-ն՝ «որովայնի առաջնային պատի թափանցող վերք» մարմնական վնասվածքներով։
Մինչ Աշտարակի հիվանդանոցի բուժանձնակազմը պայքարում էին վիրավորների կյանքի համար, իրավապահները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 22:00-ի սահմաններում Ոսկեվազ բնակավայրի վարչական տարածքում՝ հարակից դաշտամիջյան հատվածում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզի բնակիչներ 37-ամյա Վահան Ս.-ի և 32-ամյա Սուրեն Պ.-ի միջև, որից հետո նույն օրը՝ ժամը 23:50-ի սահմաններում վիճաբանությունն այս անգամ շարունակվել է Ոսկեվազ գյուղի 11-րդ փողոցում՝ մի կողմից Վահան Ս.-ի, վերջինիս հոր՝ Արագածոտնի մարզի բնակիչ 66-ամյա Սերյոժա Ս.-ի, հորեղբոր տղաներ՝ Արագածոտնի մարզի բնակիչներ 35-ամյա Կարեն Ս.-ի, 32-ամյա Արթուր Ս.-ի, իսկ մյուս կողմից՝ Սուրեն Պ.-ի, վերջինիս մտերիմներ Արագածոտնի մարզի բնակիչ 32-ամյա Դավիթ Հ.-ի, Երևանի բնակիչներ 34-ամյա Վարդան Մ.-ի և 36-ամյա Տիգրան Մ.-ի միջև։
Ըստ քրեական վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների, Վահան Ս.-ն է Տիգրան Մ․-ին և Դավիթ Հ․-ին սուր կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածք պատճառել, ու ձեռնարկելով հերթական օպերատիվ-հետախուզական միջոցառումները՝ քրեական ոստիկանները նշված խուլիգանությունը կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով նույն օրը հայտնաբերել, ձերբակալել և քրեական ոստիկանություն են տեղափոխել Սերյոժա Ս.-ին, Արագածոտնի մարզի բնակիչներ 33-ամյա Հաբեթ Ս.-ին, 35-ամյա Կարեն Ս.-ին, 24-ամյա Սուրեն Մ.-ին, 36-ամյա Արթուր Հ.-ին, 36-ամյա Տիգրան Մ.-ին, 32-ամյա Դավիթ Հ.-ին և դանակահարած Վահան Ս.-ին։
Դեպքի փաստով ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արագածոտնի մարզային քրեական վարչությունում փաստաթղթեր են կազմվել որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղ էլ նախաձեռնվել է քրեական վարույթ։





























