Եթե Հայաստանը արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման շրջանակում որոշի վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունների դաշնակցային կարգավիճակը, ապա ստիպված կլինի հրաժարվել նաև Մոսկվայի կողմից տրամադրվող արտոնություններից, РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։
«Եթե հայկական իշխանությունները արտաքին քաղաքականության «դիվերսիֆիկացման» շրջանակում ցանկանում են վերանայել այս կարգավիճակը, դա իրենց իրավունքն է։ Բայց այդ դեպքում պետք կլինի նաև հրաժարվել այն արտոնություններից, որոնք Մոսկվան տրամադրում է միայն իր դաշնակիցներին»,- ասել է դիվանագետը։
Ըստ նրա՝ նման արտոնությունների օրինակներից մեկը ռուսական գազի գինն է։ Կալուգինը նշել է, որ Մոսկվան չի առարկում, եթե Հայաստանը գազ գնի այլ երկրներից, քանի որ այդ հնարավորությունը նախատեսված է 2013 թվականի ռուս-հայկական համաձայնագրով։
Միևնույն ժամանակ նա նշել է, որ Ռուսաստանն ապահովում է Հայաստանում սպառվող գազի մինչև 85%-ը՝ տարեկան մոտ 2,2–2,7 միլիարդ խորանարդ մետր։ Մատակարարումներն իրականացվում են առանց արտահանման մաքսատուրքերի՝ 1 հազար խորանարդ մետրի համար 177,5 դոլար ֆիքսված գնով։ Կալուգինը նշել է, որ, բացի դրանից, Հայաստանը Ռուսաստանից ստանում է նաև նավթամթերք՝ առանց մաքսատուրքերի։
«Ակնհայտ է, որ այսօր Ռուսաստանի առաջարկածի չափ արտոնյալ պայմաններ Երևանը այլ տեղ չի գտնի։ Գազը պետք կլինի գնել շուկայական արժեքով, ինչը կհանգեցնի բյուջեում նոր անցքերի առաջացման»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Կալուգինը նաև քննադատել է Հայաստանի համար ռուսական գազի բարձր արժեքի մասին հայտարարությունները։ Ըստ նրա՝ նախկինում իրականացվել էր տեղեկատվական արշավ, որի մասնակիցները փորձում էին համոզել հայկական հանրությանը, թե ռուսական գազը շարքային սպառողների վրա չափազանց թանկ է նստում։
«Ճիշտ է, այս «վերլուծաբանների» հաշվարկներով՝ Ռուսաստանից եկող կապույտ վառելիքը բոլոր ծախսերով հանդերձ ավելի էժան էր ստացվում, քան այսօր այն արժե, ինչպես ասում են գործարարները, «գնման պահին»»,- ասել է դիվանագետը։
Նա նաև հայտարարել է, որ Եվրամիության կողմից Հայաստանին հնարավոր ֆինանսական աջակցությունը չի փոխհատուցի ավելի թանկ մատակարարումների անցնելու հետևանքները։ Ըստ Կալուգինի՝ Բրյուսելը նման սուբսիդիաների համար միջոցներ չունի, իսկ հնարավոր վարկերը միայն կավելացնեն երկրի պարտքային բեռը։
«Դատելով այլ երկրների փորձից՝ արևմտյան քաղաքական տեխնոլոգները դրանից ավելի լավ բան չեն մտածի, քան՝ դա անվանել անկախության գին, որը Հայաստանը պետք է վճարի»,- ասել է Կալուգինը։
Նա նախազգուշացրել է, որ արդյունքում Հայաստանը կարող է բախվել էներգակիրների ավելի բարձր ծախսերի և նոր մատակարարներից կախվածության։ «Իր իսկ շատ ավելի մեծ գումարների դիմաց երկիրը կախվածություն կստանա ոչ թե դաշնակցից, որի հետ կարելի է պայմանավորվել, այլ նրանցից, ովքեր պարզապես անվերապահորեն կթելադրեն իրենց պայմաններն ու պահանջները»,- հայտարարել է դիվանագետը։
Կալուգինը նաև Հայաստանի արդյունաբերության և բարձր տեխնոլոգիական հատվածի զարգացման հետ է կապել ռուսական մատչելի էներգակիրները։ Որպես օրինակ նա նշել է Հրազդանում գործողտվյալների մշակման էներգածախսատար կենտրոնը, որը տեղակայված է երկրում խոշորագույն ՋԷԿ-ի հարևանությամբ և աշխատում է ռուսական բնական գազով։
Ըստ նրա՝ ռուսական էներգակիրներից հրաժարվելը կարող է ազդել Հայաստանի՝ նման նախագծեր զարգացնելու հնարավորությունների վրա։ Կալուգինը նաև հղում է արել եվրոպական երկրների փորձին՝ հայտարարելով, որ էներգիայի արժեքի աճն արդեն լուրջ խնդիրներ է ստեղծել Գերմանիայի արդյունաբերության համար։




























