ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է երկրում «նավաշինության ոսկեդարի» մեկնարկի մասին և խոստացել ամերիկյան նավաշինարաններում լայնածավալ ներդրումներ։ Այդ մասին նա ասել է Բալթիմորի մերձակայքում գտնվող Sparrow Point նավաշինարանում ունեցած ելույթի ժամանակ, հաղորդում է Associated Press-ը։
Թրամփը նշել է ամերիկյան նավաշինության արտադրական հզորությունների նվազումը և հայտարարել ոլորտում նախատեսվող բազմամիլիարդանոց ներդրումների մասին։ Նրա խոսքով՝ ամերիկյան նավաշինարանները պետք է կրկին դառնան բարձր տեխնոլոգիական արտադրության կենտրոններ, որտեղ կկառուցվեն նավեր և սուզանավեր։
«Այս վայրը դղրդալու է բարձր տեխնոլոգիական արտադրությունից, նավերի և սուզանավերի կառուցումից, որոնցից մեր թշնամիները կվախենան ամբողջ աշխարհում»,- ասել է Թրամփը։
Anduril Industries ընկերությունը հայտարարել է սուզանավերի բաղադրիչների արտադրության հզորությունների ընդլայնման համար 3,7 միլիարդ դոլար ներդնելու ծրագրերի մասին։
Ելույթի ընթացքում Թրամփը նաև խոսել է ամերիկյան զինված ուժերի հզորության մասին, հիշատակել է անցյալ տարի զինծառայողներին կատարված 1776 դոլարի վճարումները և կրկին նշել Մեքսիկական ծոցը Ամերիկայի ծոց վերանվանելու մասին իր հրամանագիրը։
Միևնույն ժամանակ նախագահը չի հիշատակել Մերիլենդի նահանգապետ Ուես Մուրին, որը միջոցառմանը ներկա չէր։ Նահանգապետի ներկայացուցիչը հայտարարել է, որ Մուրին թույլ չեն տվել ելույթ ունենալ։ Սպիտակ տանը հայտնել են, որ նահանգապետը միջոցառմանը հրավիրված էր որպես հյուր։
Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող Մուրը դիտարկվում է որպես 2028 թվականի նախագահական ընտրություններում հնարավոր թեկնածու։





























