Եգիպտոսում գիտնականները հայտնաբերել են վերացած կոկորդիլոսի նախկինում անհայտ մի տեսակ, որը հայտնի Մեծ Սֆինքսի հետ կապված է միանգամից երկու անսովոր համընկնմամբ։ Բրածո մնացորդները գտել են այն ապարներում, որոնցից կառուցված է Սֆինքսը, իսկ հնագույն կոկորդիլոսի, ինչպես նաև հայտնի հուշարձանի, քթի ծայրը չկա։
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Royal Society Open Science ամսագրում։
Անհայտ տեսակը ստացել է Herugavialis cairensis անվանումը։ Այն պատկանել է գավիալներին՝ երկար և նեղ դնչերով կոկորդիլոսների խմբին։ Այսօր այս կենդանիները ներկայացված են միայն երկու տեսակով՝ գանգեսյան գավիալով (Gavialis gangeticus) և կեղծ գավիալով (Tomistoma schlegelii)։ Դրանք բնակվում են Հնդկական ենթամայրցամաքի և Հարավարևելյան Ասիայի քաղցրահամ ջրերում։
Բրածո մնացորդները ցույց են տալիս, որ հնագույն գավիալները ժամանակին տարածված էին գրեթե ամբողջ աշխարհում։ Դրանց պատմությունը հաշվվում է ավելի քան 100 միլիոն տարի, իսկ բազմաթիվ տեսակներ բնակվում էին ծանծաղ ծովերում։
Herugavialis cairensis-ի մնացորդները հայտնաբերվել էին դեռևս 1920-ական թվականներին Եգիպտոսի Մոկատտամի շերտախմբի 45 միլիոն տարվա ապարներում։ Դրանց թվում կար գրեթե ամբողջությամբ պահպանված գանգ։ Սկզբում այն վերագրել էին Tomistoma ցեղին՝ գլխավորապես ժամանակակից կեղծ գավիալի հետ արտաքին նմանության պատճառով։
Սակայն հետազոտության ժամանակակից մեթոդները գիտնականներին հնարավորություն տվեցին վերանայելու այս դասակարգումը։ Մեծ Բրիտանիայից, Շվեդիայից, Գերմանիայից և Եգիպտոսից մասնագետների միջազգային խումբը, որը գլխավորում էր Ստոկհոլմի Շվեդական բնական պատմության թանգարանի ներկայացուցիչ Փոլ Բյորքը, ուսումնասիրել է բրածո մնացորդները՝ կիրառելով նաև համակարգչային տոմոգրաֆիա։ Հետազոտողները հայտնաբերել են գանգի կառուցվածքի մի քանի առանձնահատկություններ, որոնք այն տարբերում են Tomistoma-ից։
Հատկապես ուշագրավ է եղել մեկ այլ դետալ՝ լավ պահպանված գանգից բացակայում է դնչի ծայրը։
Մեծ Սֆինքսի հետ այս համընկնումն այնքան է հետաքրքրել հետազոտողներին, որ այն արտացոլվել է նույնիսկ կենդանու անվան մեջ։ Herugavialis-ը անուն է ստացել եգիպտական Հորուս աստծու պատվին․ գիտնականների խոսքով՝ հենց Հորուսը կարող էր լինել այն կերպարի աղբյուրներից մեկը, որը ոգեշնչել է հայտնի հուշարձանի ստեղծումը։
«Հաշվի առնելով այս համընկնումը Մեծ Սֆինքսի հայտնի բացակայող քթի հետ՝ մենք որոշեցինք նոր կոկորդիլոսը կոչել եգիպտական Հորուս աստծու պատվին»,- պատմել է հետազոտության ղեկավարներից մեկը՝ Լոնդոնի համալսարանական քոլեջի պրոֆեսոր Ֆիլիպ Մենիոնը։
Herugavialis-ը Եգիպտոսում այդ ժամանակահատվածում բնակվող միակ կոկորդիլոսը չէր։ Մոտ 45 միլիոն տարի առաջ տարածաշրջանի զգալի մասը ծածկված էր ծանծաղ ծովերով, որտեղ ապրում էին առնվազն ևս երկու տեսակի գավիալներ։
Ըստ Բյորքի՝ վերջին 50 միլիոն տարվա մեծ մասի ընթացքում Միջերկրածովյան տարածաշրջանը առանձնացել է կոկորդիլոսների, այդ թվում նաև գավիալների, մեծ բազմազանությամբ։ Նրանց բազմազանությունը փոխվել է գլոբալ ջերմաստիճանի և ծովի մակարդակի հետ միասին։
Մոտ վեց միլիոն տարի առաջ կոկորդիլոսները վերջնականապես անհետացել են այս տարածաշրջանից։ Դա տեղի է ունեցել Միջերկրական ծովի ցամաքելուն զուգընթաց:




























