Խաղաղությունը պետք է մտնի անհետ կորածների ընտանիքների կյանքն ու սրտերը։ Այս մասին Անհետ կորած անձանց հարցերով Բաքվի երկխոսության շրջանակում ընթացող IV Միջազգային համաժողովում հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր, Թուրքիայի արտաքին գործերի նախկին նախարար Մևլյութ Չավուշօղլուն։
Նա նշել է, որ խաղաղ բանակցություններն ու համաձայնագրերը կարող են վերջ դնել ռազմական գործողություններին, սակայն կայուն խաղաղությունը հաշտեցում է պահանջում․ «Հարավային Կովկասը բախվել է հակամարտության, բռնի տեղահանման և խոր հումանիտար տառապանքների»։
Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված նախնական խաղաղության համաձայնագրում անհետ կորած անձանց վերաբերյալ դրույթի ներառումը կարևոր ցուցանիշ է։ Սա վկայում է այն մասին, որ այդ հարցը ճանաչվում է որպես ավելի լայն խաղաղ գործընթացի բաղկացուցիչ մաս։
«Այս բաց վերքը խաղաղաշինության և հաշտեցման գործընթացի անբաժանելի մաս ճանաչելն, անասկած, կբարձրացնի մարդկանց միջև փոխադարձ վստահությունը և ամուր սոցիալական հիմք կստեղծի կայուն խաղաղության համար», — նշել է Չավուշօղլուն։





























