Հայ առաքելական Սուրբ եկեղեցու մասին զեկույցը շատ ծանր և շատ կարևոր խնդիրների էր անդրադառնում, բայց ինձ ամենից շատ հետաքրքրում է երկու դրվագ՝ անչափահաս երեխայի նկատմամբ սեռական ոտնձգության և ինքնախեղման դեպքերը, արդյո՞ք այս դրվագներով հարուցվել են քրեական գործեր, արդյո՞ք այս պահին մեր իրավապահ մարմինները փորձում են գնալ այդ դեպքերի հետքերով, ուսումնասիրել և հասարակությանը ներկայացնել, տալ դրան քրեաիրավական գնահատական։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 7–ին, ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հարց ուղղեց ՔՊ–ական պատգամավոր Ռուզաննա Երեմյանը։
Ի պատասխան, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ես ճիշտն ասած չեմ կարող ասել քրեական գործ հարուցված է թե չէ, բայց ես գիտեմ, որ մեր իրավապահները զեկույնց ուսումնասիրում են և վստահ եմ, որ բոլոր այն դեպքերում, երբ կլինի քրեական գործ հարուցելու առիթ, նրանք դա կանեն։
Ռուզաննա Երեմյանը հույս հայտնեց, որ իրավապահները կարձագանքեն. «Որովհետև Էջմիածնի բնակիչների հետ իմ մասնավոր զրույցների ժամանակ եղել են խոսակցություններ, որ հիշյալ երեխան նաև հիվանդանոց է պառկել և ստացել է բժշկական օգնություն։ Նույնիսկ այդ ժամանակ հիվանդանոցում աշխատած մի տարեց կին պատմում էր, որ շատ արագ այդ երեխային տուն են տարել։ Նա պնդում էր, որ եթե հիվանդանոցի արխիվները ուսումնասիրվեն, այդ դեպքի ապացույցները վստահաբար կգտնվեն։ Ես հույս ունեմ, որ մեր իրավապահ համակարգը շատ արագ կարձագանքի և հնարավորություն չի տա գոնե պահպանված փաստերին անհետ կորչելու»,–ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ այդ դեպքը, ըստ զեկույցի, իմացել են վկայության միջոցով. «Կոնկրետ մարդ ասում է կոնկրետ մարդու մասին կոնկրետ ժամանակ, կոնկրետ դեպք, կոնկրետ հանգամանքներ և այո, ես վստահ եմ, որ իրավապահները պետք է արձագանքեն։ Դա է բխում Հայաստանի Հանրապետության օրենսդրությունից, բայց հիմա այս պահին կա արդյոք որևէ իրավական ընթացք, թե չկա, ես ուղղակի տեղեկացված չեմ»։





























