Դեպքերը շատ են, երբ մարդիկ բանակում չեն ծառայում՝ ունենալով բանակից ազատվելու օրինական հիմքեր, բայց շատ քիչ են, երբ զինծառայողները ծառայության ընթացքում դանակահարում են սպային և դատվում են դրա համար, և այդ դեպքում դժվար է ասել, թե որ դեպքն է առավել նախընտրելի։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 7–ին, ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։
Նա, մասնավորապես, նշեց. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2020–ի օգոստոսի 28–ին 44–օրյա պատերազմից մեկ ամիս առաջ ասել է. «Հայաստանի բանակը հասել է մարտավարական աննախադեպ բարձունքի, ինչն էլ ավելի է մեծացնում մեր վստահությունը, որ ունենք տարածաշրջանում որոշիչ ազդեցություն ունեցող մարտունակ և ինտելեկտուալ բանակ»։
Հարցս ուղղված է արդարադատության նախարարին, դուք 2026–ի հունվարի 14–ին, Թուրքիայի իշխանությունների միջոցով Սիրիային եք հանձնել 44–օրյա պատերազմում ձերբակալված երկու սիրիացի վարձկան ահաբեկիչների։ Ո՞վ է ձեզ միջնորդել, ով է առաջին անգամ ձեզ խնդրել, որպեսզի դուք պատերազմին մասնակցած ահաբեկիչներին հանձնեք մեր երկրից։ Երկրորդը, եթե Հայաստանը Սիրիայի հետ ունի դիվանագիտական հարաբերություններ, Հայաստանում կա Սիրիայի դեսպան, ինչի՞ եք դուք որոշել Սիրիայի քաղաքացիներին հանձնել երրորդ երկրի Թուրքիային, որի հետ Հայաստանը չունի դիվանագիտական հարաբերություններ։ Հաջորդ հարցը. դուք տեղյա՞կ եք՝ այդ մարդիկ, որ հանձնված են Թուրքիայի միջոցով Սիրիային, նրանք բանտարկվա՞ծ են, անազատության մեջ են գտնվո՞ւմ, թե՞ ազատություն են վայելում, որովհետև կարծում եմ, որ այս դեպքը ուղիղ կապ ունի ադրբեջանցի ռազմական զբոսաշրջիկի հետ, որը վերջերս հայտնվել էր Սյունիքի մարզում»,–ասաց նա։
Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Նորմալ միջազգային պրակտիկա է, երբ որ տարբեր երկրների դատապարտյալներ պատժի հետագա կրման համար հանձնվում են տարբեր երկրների։ Այդպես անում է Հայաստանը, այդպես անում են Հայաստանի դեպքում, մենք այդպիսի դեպքեր ունենք։ Բոլոր դեպքերում, ցանկացած որոշման մեջ կա որոշակի նպատակահարմարության էլեմենտ, թե ինչքանով են Հայաստանի պետական ինստիտուտները նպատակահարմար համարում նման որոշումների կայացումը։
Ինչ վերաբերում է ձեր առաջին դիտարկմանը, կարծում եմ, որ ոչ մի երկրի ղեկավար ելույթ չի ունենում և չի ասում՝ մեր բանակը կազմալուծված է կամ կազմաքանդված է»։
Էդգար Ղազարյանը նկատեց. « Բա որ երկրի ղեկավարը չի ասում, որ բանակը կազմալուծված է, բա նոր մի քիչ առաջ դուք որպես ի՞նչ էիք այստեղ խոսում, երկրի ղեկավար չէի՞ք։ Այդ նույն բանակի մասին չէիք խոսո՞ւմ։ Այդ ձեր պաշտոնավարման շրջանում չի եղե՞լ, որ Բաքվում հիմնվել է հայկական բանակի ռազմավարի պուրակը։ Այդ ձեր պաշտոնավարման շրջանում չի եղե՞լ, որ Արցախի պաշտպանության բանակը իր անձնակազմի անվերականգնվող կորուստից բացի, ունեցել են մոտ 6 մլրդ դոլարի նյութական կորուստ։ Բա դա ե՞րբ է ձեռք բերել, ձեր պաշտոնավարման երկու տարիների շրջանո՞ւմ։
Ինչ վերաբերում է այդ նախադեպին, ցավոք սրտի, կա այլ նախադեպ, որ մեկ այլ ադրբեջանցի 2023–ի դեկտեմբերի 13-ին, որը ցմահ ազատազրկման էր դատապարտված, հանձնվել է Ադրբեջանին։ Հայաստանի որևէ դատարան այդ ցմահ ազատազրկման որոշումը փոխե՞լ է, վերանայե՞լ է, նրան Հանրապետության նախագահը ներում շնորհե՞լ է, բա նա ո՞նց է հայտնվել Ադրբեջանում»,–ասաց ընդդիմադիր պատգամավորը։ Վարչապետն էլ արձագանքեց. «Ոչ, ես չէի խոսում նույն բանակի մասին, եթե ուշադիր եղած լինեք, կլսեք, որ ես ընդհանրապես խոսում եմ բոլորովին այլ բանակի մասին։ Եվ եթե որևէ մեկը խնդիր ունի իմ ասածին հավատալ-չհավատալու, դրա համար էլ մայիսի 28-ին Հայաստանի Հանրապետությունում արվել է զորահանդես, որպեսզի մարդիկ տեսնեն, թե ինչի մասին է խոսքը։ Եվ զորահանդես է արվել քիչ չի, այդ զորահանդեսով անցած ցամաքային ամբողջ ռազմամթերքը մի ամբողջ օր պահվել է Երևան քաղաքի կենտրոնում, որպեսզի մարդիկ գան, ավելի մոտիկից տեսնեն, շփվեն։
Եթե որևէ որոշում կայացվում է, այդ որոշումը կայացվում է օրենքով սահմանված ընթացակարգերով և որևէ այլ տարբերակ պարզապես գոյություն ունենալ չի կարող։ Դուք իրավական մի ընթացակարգ եք նշում, բայց դա չի նշանակում, որ դա բացառիկ միակ ընթացակարգն է։ Եթե այդ ընթացակարգը չի կիրառվել, նշանակում է կիրառվել է օրենքով սահմանված մեկ այլ ընթացակարգ»։











