Առաջարկվում է քաղաքացիների որոշակի խմբի համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչի տարիքային վերին շեմը սահմանել 32 տարեկանը։ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին համապատասխան օրինագիծը հավանության է արժանացել հոկտեմբերի 8-ին՝ Հայաստանի կառավարության նիստում։

Նշվում է, որ արտերկրի մի շարք բուհերում ուսումնական գործընթացի առանձնահատկություններով պայմանավորված՝ մինչև 27 տարեկանը տարկետում ստացած քաղաքացիները հաճախ չեն հասցնում սահմանված ժամկետում ավարտել ուսումը և Հայաստանում աշխատանքի անցնել Կառավարության սահմանած ոլորտներում։

Ընդգծվում է, որ օրենսդրական փոփոխությունների ընդունումը թույլ կտա նման քաղաքացիներին անխոչընդոտ կազմակերպել իրենց ուսումնառությունը, իսկ այն ավարտելուց հետո՝ առնվազն երեք տարի ժամկետով, օգտվել Կառավարության սահմանած ոլորտներում աշխատելու հիմքով տրամադրվող տարկետման իրավունքից։