ԱՄՆ Սենատի Դեմոկրատական և Հանրապետական կուսակցությունների ղեկավարները նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին կոչ են արել արագացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառումը։ Associated Press-ի փոխանցմամբ՝ Ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթին և պետքարտուղար Մարկո Ռուբիոյին ուղղված համապատասխան դիմումն ուղարկել են Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ դեմոկրատ Ջին Շահինն ու Զինված ուժերի հանձնաժողովի նախագահ, հանրապետական Ռոջեր Վիքերը։
Խոսքը ամերիկյան այն օրենքի կիրառման մասին է, որը ոչ պաշտոնապես ստացել է «դժոխային պատժամիջոցներ» անվանումը։ Թրամփն այն ստորագրել է սեպտեմբերի 19-ին, սակայն մինչ օրս չի օգտվել Ռուսաստանի դեմ սահմանափակումներ մտցնելու իր իրավունքից։ Մասնավորապես, ԱՄՆ նախագահը կարող է 100-տոկոսանոց մաքսատուրքեր սահմանել ռուսական նավթի ու բնական գազի հինգ խոշորագույն գնորդների, ինչպես նաև այն երկրների նկատմամբ, որոնք ամենաշատն են աջակցում Ռուսաստանին պատժամիջոցները շրջանցելու հարցում։ Բացի այդ, փաստաթղթով նախատեսվում են 500-տոկոսանոց մաքսատուրքեր դեպի ԱՄՆ ռուսական արտահանման համար, ինչպես նաև սահմանափակումներ կիրառել բանկերի, էներգետիկ խոշոր ընկերությունների և Ռուսաստանի «ստվերային նավատորմի» նկատմամբ։
Ֆինանսների նախարարին և Պետքարտուղարության ղեկավարին հղած նամակում սենատորներն ընդգծել են, որ առաջնահերթությունը պետք է լինի ռուսական նավթ տեղափոխող «ստվերային նավատորմի» տանկերների դեմ պայքարը։ Բացի այդ, նրանք կոչ են արել կանխել Երկրամերձ ցածր ուղեծրում ռուսական արբանյակային համակարգի ձևավորումը, ինչպես նաև քայլեր ձեռնարկել Ռուսաստանին աջակցող օտարերկրյա բանկերի դեմ (այդ թվում՝ Ղրղզստանում և Շանհայում)։
«Առանց առավելագույն տնտեսական ճնշման անցնող յուրաքանչյուր օր Մոսկվային հնարավորություն է տալիս շարունակել այս ռազմական էսկալացիան»,— նշել են սենատորները։ Նրանք նաև հիշեցրել են, որ օրենքի դրույթների հիմնական մասն ուժի մեջ է մտնում հոկտեմբերի 18-ին։





























