Գերմանական ավտոարտադրող BMW-ն ներկայացրել է նոր էլեկտրական iX3 քրոսովերի ամենահզոր տարբերակը՝ M60 xDrive-ը, հայտնում է Autocar-ը։

Ավտոմեքենան ստացել է ավելի արդյունավետ ուժային կայանք և M շարքի մի շարք սպորտային կատարելագործումներ, սակայն միաժամանակ պահպանել է գրեթե 753 կիլոմետր ընթացքի պաշարը։

604 ձիաուժ ընդհանուր հզորությամբ և լիաքարշակ համակարգով երկու էլեկտրաշարժիչները զարգացնում են 645 ֆունտ-ֆուտ պտտապահ՝ մոտավորապես 875 Ն·մ։ Համեմատության համար՝ 50 xDrive տարբերակի հզորությունը կազմում է 462 ձիաուժ, իսկ պտտապահը՝ 476 ֆունտ-ֆուտ։

M60-ի 0-ից 100 կմ/ժ արագացումը տևում է 3,9 վայրկյան՝ ուղիղ մեկ վայրկյանով պակաս, քան 50 xDrive-ի դեպքում։ Առավելագույն արագությունը բարձրացել է մինչև 240 կմ/ժ։

Միաժամանակ հզորության աճը գրեթե չի ազդել ընթացքի պաշարի վրա։ Պաշտոնական տվյալներով՝ iX3 M60-ը մեկ լիցքավորմամբ կարող է անցնել մինչև 753 կմ՝ iX3 50 xDrive-ի 800 կմ-ի դիմաց։

Ավելին, էլեկտրական M60-ը 100 կմ/ժ արագության է հասնում կես վայրկյանով ավելի արագ, քան ամենամոտ բենզինային համարժեքը՝ 437 ձիաուժ հզորությամբ BMW X3 M50-ը։

M60-ի մարտկոցի տարողությունը կազմում է 108,7 կՎտ·ժ, իսկ լիցքավորման առավելագույն հզորությունը մնացել է 400 կՎտ մակարդակում։

Սպորտային տարբերակի ստանդարտ համալրմանը ներառվել են էլեկտրոնային կառավարմամբ հարվածամեղմիչներով ադապտիվ M-կախոցը, M Sport և M Sport Plus երթևեկության ռեժիմները, փոփոխական փոխանցման հարաբերակցությամբ սպորտային ղեկային կառավարումը և M սպորտային դիֆերենցիալը։

Սովորական iX3 տարբերակներից M60-ը տարբերվում է նաև արտաքին դետալներով․ ավտոմեքենան ստացել է հայելիների նոր պատյաններ, սև հարդարման տարրեր, գիշերերթի դեղին լույսեր և 21-դյույմանոց թեթևաձույլ M սկավառակներ։

Սրահում տեղադրված են տասը կարգավորմամբ սպորտային նստատեղեր և նոր M Sport ղեկանիվ։

Ավտոմեքենայի գինը դեռ չի հայտարարվել։ Պատվերների ընդունումը կբացվի հաջորդ տարվա սկզբին։