«Արսա» խմբի մենակատար, «Հայ սուպերսթար» նախագծի մասնակից Սուրեն Առուստամյանը հուլիսի 14-24-ին կմեկնի Յուրմալա` մասնակցելու «Նոր ալիք 2012-ի» երգի մրցույթին, իսկ «Մանկական նոր ալիք 2012-ում» Հայաստանի ներկայացնող Սոնա Գյուլխասյանը եւ Արինա Մալխասյանը կմեկնեն օգոստոսի 15-ին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Նոր ալիք 2012» երգի մրցույթի հայասատանյան նախընտրական փուլերի PR պատասխանատու Մհեր Բաղդասարյանը:
Մեծերի «Նոր ալիքը» կկայանա հուլիսի 24-ին, իսկ փոքրերինը` օգոստոսի 15-ից մի քանի օր հետո:
Մհեր Բաղդասարյանի փոխանցմամբ` այժմ ընթանում են ակտիվ նախապատրաստական աշխատանքներ: «Մեծերի հարցում երգահան, երգիչ Հայկոն է օգնում, ճիշտ խորհուրդներ է տալիս: Որպես «երկրի հիթ» Սուրենը կներկայացնի Հայկոյի երգերից մեկը»,- նշեց նա:
Բաղդասարյանի խոսքով`Սուրենը պետք է ներկայացնի երեք երգ` երկրի հիթ, սեփական հիթ եւ համաշխարհային հիթ, բայց մրցույթային օրերի ընթացքում պետք է լինի 3-4 տարբերակ, այսինքն` ավելի քան 10 երգով պետք է գնա Յուրմալա: Երգերի անվանումներն առայժմ չեն կարող հայտնել, որովհետեւ աշխատանքային պրոցեսներ են, կարող են շատ բաներ փոփոխվել, բայց, նրա խոսքով, «Հայկոյի երաժշտական ճաշակը կերեւա մրցույթում»: Երեխաների դեպքում բոլոր աշխատանքներով զբաղվում է Նադեժդա Սարգսյանը:
«Նոր ալիքի» նախապատրաստական աշխատանքներն ամբողջությամբ արվում են Հայաստանում` հայաստանյան մասնագետների մասնակցությամբ, բայց հաշվի են առնվում այն խորհուրդները, որ Մոսկվայում կայացած կիսաեզրափակչին տվել են ժյուրիի անդամները:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Նոր ալիք 2012-ի» եզրափակիչ փուլին մասնակցելու համար երիտասարդներից մեկնել են 5, իսկ «Մանկական նոր ալիք 2012-ին» մասնակցելու համար` 4 կատարողներ: Երիտասարդներից կիսաեզրափակչին մասնակցել են երգչուհիներ Լիլիթ Հովհաննիսյանը, Հռիփսիմե Հակոբյանը, Լուսինե Աղաբեկյանը, Մերի Մնջոյանը եւ երգիչ Սուրեն Առուստամյանը, իսկ մանուկներից` Էռնա Միրզոյանը, Սոնա Գյուլխասյանը, Արինա Մալխասյանը եւ Պատրիսիան: Մոսկվայում ապրիլի 18-19-ին կայացած կիսաեզրափակիչ փուլում ժյուրին մանուկներից ընտրել է Սոնա Գյուլխասյանին եւ Արինա Մալխասյանին, իսկ մեծերից` Սուրեն Առուստամյանին:
Ի դեպ, NEWS.am-ը ներկայացրել էր իր հարցազրույցը Սուրեն Առուստամյանի հետ:




























