Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն քննադատել է Ստրասբուրգում Եվրոպական խորհրդարանի շենքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծաղրական արձանի տեղադրումը և պահանջել է այն անհապաղ հեռացնել։
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ծաղրող արձանը, որը ցուցադրվում է Եվրոպական խորհրդարանի տարածքում, ամբողջ ԵՄ-ի անկման դրսևորումն է»,- X սոցիալական ցանցում գրել է Ֆիցոն՝ X-ում։
Միևնույն ժամանակ Սլովակիայի վարչապետն ընդգծել է, որ չի աջակցում ամերիկյան նախագահի բոլոր որոշումներին։ Սակայն, ըստ նրա, ներկայիս միջազգային իրավիճակը գործընկերների միջև երկխոսություն և փոխադարձ հարգանք է պահանջում։
«Այն ժամանակահատվածում, որը երկխոսություն և փոխադարձ հարգանք է պահանջում, մեր գործընկերներին պաշտոնական հարթակում վիրավորելը նշանակում է խորապես չհասկանալ այն ժամանակը, որում մենք ապրում ենք»,- հայտարարել է Ֆիցոն։
Նա նաև Եվրոպախորհրդարանի ղեկավարությանը մեղադրել է այլ կարծիքի իրավունքն այն գործողություններից տարբերակելու անկարողության մեջ, որոնք նա անվանել է «հոգեպես անկում ապրկած մարդկանց, արկածախնդիրների և խելագարների» դրսևորում։
Ֆիցոն հարցրել է՝ արդյոք Եվրոպախորհրդարանի ղեկավարությունը կհամաձայնե՞ր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կամ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի նմանատիպ ծաղրական պատկերներ տեղադրել։
«Քանի որ այս հարցի պատասխանը լիովին ակնհայտ է, ես ակնկալում եմ, որ Եվրոպական խորհրդարանի նախագահն անհապաղ կհեռացնի ամերիկյան նախագահի վիրավորական պատկերը Եվրոպական խորհրդարանի տարածքից»,- հայտարարել է Սլովակիայի վարչապետը։
Խոսքը դանիացի նկարիչ Յենս Գալսխիոտի The Orange Plague («Նարնջագույն ժանտախտ») անվանումով քանդակի մասին է։ Մոտ 2,6 մետր բարձրությամբ ոսկեզօծ կերպարը պատկերում է մերկ Թրամփին, որը նստած է իրենից փոքր չափերի մի տղամարդու ուսերին։ Նրա ձեռքերում մեծ գոլֆի մահակ և կշեռք են։ Ըստ հեղինակի՝ աշխատանքն ԱՄՆ նախագահի արտաքին և կլիմայական քաղաքականության երգիծանքն է։
Եվրոպախորհրդարանում ինստալյացիան տեղադրելու հրավերը տվել է դանիացի պատգամավոր Պեր Կլաուսենը։ Նա, իր հերթին, հայտարարել է, որ չի վախենում Թրամփի հնարավոր արձագանքից և հանդես է եկել ստեղծագործության ցուցադրման իրավունքի պաշտպանության օգտին։
Ստրասբուրգում ցուցադրությունից հետո հեղինակը ծրագրում է քանդակը ներկայացնել ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության COP31 համաժողովում, որը նոյեմբերին կանցկացվի Թուրքիայում։





























