Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի կառավարությունը հայտարարել է վառելիքի հարկային նոր արտոնությունների և գործող սուբսիդիաների երկարաձգման մասին, հայտնում է Associated Press-ը։

Այս միջոցառումները նպատակ ունեն զսպելու բենզինի և դիզելային վառելիքի գնաճը նախագահական ընտրությունների երկրորդ փուլից ընդամենը երկու շաբաթ առաջ, որը տեղի է ունենալու հոկտեմբերի 25-ին։

Պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարում Լուլայի մրցակիցն է սենատոր Ֆլավիո Բոլսոնարուն՝ նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուի որդին։ Կիրակի օրը կայացած առաջին փուլում Ֆլավիո Բոլսոնարուն ստացել է մոտ երկու միլիոնով ավելի ձայն, քան գործող նախագահը։

Նոր հրամանագրով 30 օրով (երկարաձգման հնարավորությամբ) չեղարկվում են բենզինի ներմուծման և վաճառքի դաշնային հարկերը։ Միջոցառումն ուժի մեջ է մտել ուրբաթ օրը՝ նախորդ հարկային արտոնությունների ժամկետի ավարտին զուգահեռ։

Կառավարությունը նաև երկարաձգել է էթանոլի հարկային ազատումները և ավելացրել դրա սուբսիդիաները։

Բացի այդ, դիզելային վառելիք ներկրողները 30 օրվա ընթացքում յուրաքանչյուր լիտրի համար կստանան լրացուցիչ 1.40 ռեալի (մոտ 28 ԱՄՆ ցենտ) սուբսիդիա։ Այն կվճարվի արդեն իսկ գործող 2.12 ռեալի (մոտ 42 ցենտ) չափով աջակցությանը զուգահեռ։

Կառավարությունում պարզաբանել են, որ այս քայլերն անհրաժեշտ են վառելիքի մատակարարումների լարված իրավիճակում ներկրման տնտեսական նպատակահարմարությունը պահպանելու համար։ Իշխանությունները դրանք կապել են փետրվարի վերջին Իրանի հետ սկսված պատերազմի հետևանքների հետ. ռազմական գործողությունները հանգեցրել են Հորմուզի նեղուցով նավագնացության կտրուկ կրճատման։

Բրազիլիայի կառավարության տվյալներով՝ նավթի միջազգային գներն ու բենզինի և դիզելի վերամշակման մարժաները նկատելիորեն աճել են։ Չնայած Բրազիլիան հում նավթի խոշոր արտադրող և արտահանող է, պատրաստի վառելիքի ներքին պահանջարկը բավարարելու համար ստիպված է դիմել ներկրման։

Նոր միջոցառումների ֆինանսական հետևանքները իշխանությունները մտադիր են փոխհատուցել դաշնային կառավարության նավթային ակտիվներից ստացված եկամուտների հաշվին։

Բրազիլիայի համար հատուկ նշանակություն ունի դիզելային վառելիքի գների զսպումը, քանի որ դրանց աճը կարող է հրահրել հեռագնա վարորդների գործադուլներ և արագացնել գնաճը։ 2018 թվականին բեռնատարների վարորդների գործադուլը հանգեցրեց սննդամթերքի և վառելիքի մատակարարումների խափանումների, պարենի գնաճի և տնտեսության համար բազմամիլիարդանոց կորուստների։