Առաջին պատասխանատուն հենց մենք ենք, ԱԺ իշխանական պատգամավորները, մասնավորապես Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամները, որովհետև հանրությունը և լրագրողները մեզ են այդ պահանջները ներկայացնում։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 12–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ–ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով բանակում մահվան դեպքերին։

«Մենք շատ ավելի ուշադիր և զգույշ ենք այս հարցերի նկատմամբ, քան սովորական մյուս պատգամավորները և ընդդիմությունը։ Գիտեք, որ կա ստեղծված հանձնաժողով, միջգերատեսչական աշխատանքային խումբ, ուսումնասիրություններ են անում, բայց դեպքերը չեն դադարում։ Իմ նախնական մի քանի ուսումնասիրություններով կենցաղային բնույթի պատճառներ են եղել ինքնասպանությունների համար։

Ներքին կանոնադրային հարաբերությունները նույնպես անձնական հարաբերություններ են, ներքին կանոնադրային հարաբերությունների խախտումներ են առաջանում, երբ այդ հարաբերությունների մի կողմը քրեական ենթամշակույթ է կրում կամ մյուս կողմը այլ խնդիրներ ունի։

Բանակը մեր հանրության հայելին է, երեսն է, բանակն ստանումէ այն,ինչ հանրության մեջ կա։ Տեսեք, թե քաղաքացիական կյանքում ինչքան են սպանություններն ու ինքնասպանությունները։

Ես չեմ քողարկում, այս հարցով շատ լուրջ ուսումնասիրություններ են կատարում տարբեր մակարդակներում, սկսված Ազգային ժողովից, վերջացրած գործադիրի որոշ մարմիններում։ Այս պահի դրությամբ ոչ պրոֆեսիոնալ կհամարեմ էական պատճառների մասին խոսելը, որովհետև մինչև այդ ուսումնասիրությունը կամ անհրաժեշտ տեղեկատվությունը չհավաքագրենք, չուսումնասիրենք, ես նպատակահարմար չեմ համարում դրա մասին խոսել»,–ասաց նա։

Հարցին՝ պաշտպանության նախարարի ցուցադրական զորամասեր այցելելը, ճաշի կափարիչը բացել նայելն ի՞նչ է տալիս, Արմեն Խաչատրյանը պատասխանեց. «Հիմա լա՞վ է, թե՞ վատ է, որ այցելում է զորամասեր։ Շատ բան է տալիս, ինքը տեսնում է լավ աշխատանք, տեսնում է վատ աշխատանք։ Ինքը հանկարծակի այցեր է կատարում, Պաշտպանության նախարարն էլ պիտի գնա, շտաբի պետն էլ պետք է գնա, ռազմական ոստիկանության օպերատիվ ծառայություններն էլ պետք է գնան, մեկ-մեկ պատգամավորներն էլ պետք է չնախատեսված այցեր անեն։ Օրինականությունը ապահովում է հանրային նաև վերահսկողության շրջանակներում»։