Շաքիում ադրբեջանական կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին առաջիկա օրերին նույնպես կվիրահատեն։

NEWS.am–ի հետ զրույցում Անի Ավետիսյանը պատմեց, որ առաջիկա երկու–երեք ամիսը հաստատ դեռ հիվանդանոցում կմնա. «Այս դեպքից հետո աղջիկս ծանր վիճակում է, հոգեբան եկել է, երեխեքին խոսեցրել են ու գնացել, այլեւս չեն եկել, բայց էս պահին երեխաս վատ վիճակում է։ Երեխեքս չեք պատկերացնի՝ հիմա ինչ վիճակում են, 15 րոպեից ավելի սարսափի մեջ են եղել։ Եթե մոլորվել էր, երեխեքիս տեսավ, թող սուսուփուս հեռանար, ոչ թե զենք պահեր վրաները, հետո էլ էդպես լիներ ամեն ինչ։ Ես եթե ոստիկաններին սպասեի, ավելի վատ էր լինելու, ավելի ողբերգական ավարտ կունենար։ Ոչ ոք չի պատկերացնում, թե այդ պահին ինչ էր տեղի ունենում։ 15 րոպե երեխաներս սարսափի մեջ տառապել են, պատանդ են եղել, ես չեմ վախեցել, ներս եմ մտել»։

Անիի մայրն էլ մեր թղթակցին պատմել է, որ հոգեբանը խոստացել է, որ մեքենա կուղարկեն, երեխաները գնան, սակայն այդպես էլ մեքենա չեն ուղարկել։

«Երեխաները իրենց հագի շորով են եկել էստեղ, մենք ամեն օր գալիս ենք հիվանդանոց, համարյա 20 հազար ամեն օր ծախսում ենք։ Ես էլ, ամուսինս էլ թոշակառու ենք։ Երեխաներն էլ դեռ դպրոց չեն գնում, ի վիճակի չեն։ Տղայի ձեռքը վիրահատված է»,– ասել է մայրը։

Անի Ավետիսյանի խոսքով, դեպքի պահին տանը երկու երեխաներն են եղել, մյուսը ռեստորանում է եղել։

Հարցին, թե ինչի կարիք ունի այս պահին, Անին պատասխանել է. «Այս պահին ես միայն կցանկանամ, որ երեխաներս անկյուն ունենան, ես վարձով եմ ապրում, երկու ապագա զինվոր ունեմ»։