Ընդդիմությունը պետք է իրական պայքար մղի իշխանության դեմ և փորձի հասնել Նիկոլ Փաշինյանի հեռացմանը, բայց արդյո՞ք իրենց այս խոսույթը որևէ ձևով դրան նպաստում է։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։

«Ընդ որում, այնպես չի, որ հայտարարություններով Նիկոլ Փաշինյանը հեռանալու է։ Դա կարող է տեղի ունենալ գործողություններով, որին այս ընդդիմությունը ոչ պատրաստ է, ոչ ընդունակ է, ոչ խելք ունեն, ոչ մեղք ունեն։ Դե հիմա թող գաղտնի պլանը իրականացնեն, ոչ մեկը իրենց ձեռը չի բռնել։ Երբ իրական բան չունես անելու, միշտ կարող ես ասել, որ կա մեծ գաղտնի պլան։ Ընդդիմությունը պետք է ռեալ պայքարեր Նիկոլ Փաշինյանի հեռացման համար, իսկ այսպես կոչված ընդիմությունը ընդամենը խոսում է. այսօր մի բան կասենք, վաղը մյուս բան կասենք, օրը կգլորվի, գուցե երկնքից մի հատ խնձոր կընկնի»,–ասաց նա։

Անդրադառնալով Ադրբեջանում տեղի ունեցող իրադարձություններին, Կիվիրյանն ասաց, որ ադրբեջանցիները էթնիկ ազգ չեն, քաղաքական ազգ չեն, իսկ քաղաքական ազգ ձևավորվում է թշնամու առկայության դեպքում։ Այս պարագայում, ըստ, վերլուծաբանի, այդ թշնամու դերում հանդես են գալիս հայերը, քանի որ եթե չլինի հակառակորդ, չլինեն հայերը, փլվելու է ամբողջ կոնստրուկցիան։ Նա դրանով է պայմանավորում Ադրբեջանում տեղի ունեցող վերջին զարգացումները. «Երբ Ադրբեջանում նախարարների կաբինետը ընդունեց հիջաբի հետ կապված փոփոխությունները, արդեն ավելի քան 200 մարդ է ձերբակալված, ծնողները դպրոցներ են ավիրում, արդեն երեք-չորս տնօրենի ավտոմեքենա են վառել։ Եթե դու ապրում ես ժողովրդավար երկրում, օրինակ, Ֆրանսիա, Գերմանիա, այնտեղ ավտո էլ վառեն, դպրոց էլ վառեն, դա խնդիր չի։ Դա ժողովրդավարական մոդել է, ասում են՝ դե հասարակությունը պայքարում է, իսկ բռնապետական երկրում, ինչպիսին Ադրբեջանն է, նման խնդիրները լուրջ են։ Հիմա սրա դեմը առնելու համար կամ Ադրբեջանը պետք է նորից դիմի Իսրայելի և Թուրքիայի օգնությանտ, որովհետև նրանք ներսում ունեն իրենց գործակալական լայն ցանցերը և որոշ չափով վերականգնի հակահայկական հռետորաբանությունը։

Բայց այստեղ կա նաև Իրանի գործոնը. ակնհայտ է, որ շիա զանգվածն է դուրս եկել. իրենք հիշում են, որ իրենք ապրել են Իրանի կազմում։ Եվ շատ մեծ հարց է, թե իրենք ո՞ւմ են ընդունում որպես իշխանություն, Ալիևին, թե՞ Իրանին։ Ադրբեջանը Իրանի ազդեցության գոտիներից մեկն է, և Իրանը չի հրաժարվել Ադրբեջանից և երբևիցե չի հրաժարվի։ Իրանը ունի Ադրբեջանի մի շարք հատվածներում բավականին մեծ ազդեցություն, և դա զսպում Ադրբեջանին»։