Ֆրանսիացի դպրոցականների բողոքական շարժման սկզբից ի վեր կալանքի տակ է վերցվել 7950 մարդ, որոնցից մոտ 85%-ն անչափահասներ են։ Եվս 26 մարդ տեղավորվել է նախնական կալանքի տակ։ Այդ տվյալները Ֆրանսիայի արդարադատության նախարարությունը ներկայացրել է հոկտեմբերի 13-ի դրությամբ, հաղորդում է BFMTV-ն։
Ձերբակալվածների թվում են 6773 անչափահասներ և 1177 չափահասներ։ Քննությունների արդյունքներով 2545 մարդ ներկայացել է դատարան, 2735-ի նկատմամբ հարուցվել են դատական վարույթներ, իսկ 2225 դեպքում կիրառվել են այլընտրանքային միջոցներ՝ դատական հետապնդման փոխարեն։
Դրանց թվում են, մասնավորապես, պաշտոնական նախազգուշացումները, վնասի հատուցման միջոցները և որոշակի վայրեր այցելելու արգելքները։ Եվս 1263 գործ փակվել է առանց հետագա քննության։
Ձերբակալությունների ծավալն ավելի մեծ է եղել, քան վերջին տարիների մյուս խոշոր բողոքական շարժումների ժամանակ։ «Դեղին բաճկոնների» շարժման առաջին ամսվա ընթացքում կալանքի տակ է վերցվել մոտ 4000 մարդ։ 2023 թվականին ոստիկանի կրակոցից դեռահաս Նաելի մահից հետո բռնկված անկարգությունների ժամանակ ձերբակալվել է մոտ 3700 մարդ, նրանց թվում՝ ավելի քան հազար անչափահաս։
Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լըկոռնյուն, չորեքշաբթի՝ հոկտեմբերի 14-ին, Սենատում ելույթ ունենալիս, հայտնել է, որ ընթացիկ բողոքների սկզբից ի վեր տուժել են 937 ոստիկան և ժանդարմ, ինչպես նաև ազգային կրթական համակարգի 149 աշխատակից։
Բացի դրանից, վնասվածքներ են ստացել 248 դպրոցական, ընդ որում, ըստ կառավարության ղեկավարի, շատ դեպքերում դա տեղի է ունեցել քաղաքային անկարգությունների ժամանակ։
Այն գործողությունների փաստերով, որոնցում կասկածվում են ոստիկանության աշխատակիցները, Ֆրանսիայի ոստիկանության ազգային գլխավոր տեսչությանը (IGPN), որը հայտնի է որպես «ոստիկանության ոստիկանություն», հանձնարարվել է անցկացնել 36 քննություն։
Դպրոցականների բողոքները սկսվել են սեպտեմբերի կեսերին Փարիզի շրջանում, ապա տարածվել են երկրի մյուս հատվածների վրա։ Մասնակիցները պահանջում են, մասնավորապես, բարելավել ուսման պայմանները և ավելացնել կրթության ֆինանսավորումը։
Երեքշաբթի՝ հոկտեմբերի 13-ին, հինգերորդ համազգային ակցիան, ՆԳ նախարարության տվյալներով, հավաքել է 161,5 հազար մասնակից։ Երիտասարդական արհմիութենական միավորումները ցուցարարների թիվը գնահատել են 480 հազար։ Մի քանի ուսանողական և դպրոցական կազմակերպություններ կոչ են արել միանալ հաջորդ ակցիային, որը նախատեսված է շաբաթ օրը՝ հոկտեմբերի 17-ին։ Այն նվիրված կլինի գնողունակության հարցերին։





























