ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆն ու գործարար Ջարեդ Քուշները Եվրամիության ներկայացուցիչներին առաջարկել են մասնակիորեն ապասառեցնել ռուսական ակտիվները․ այս քայլը, նրանց մտահղացմամբ, պետք է օգնի վերսկսել ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացը։ Այս մասին, հղում անելով սեփական աղբյուրներին, հոկտեմբերի 14-ին հայտնել է Financial Times թերթը։

Այսպես, նախորդ շաբաթ Մայամիում կայացած հանդիպման ընթացքում Ուիթքոֆն ու Քուշները Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, ինչպես նաև ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչներից կազմված պատվիրակությանն են ներկայացրել ռուսական ակտիվների ապաշրջափակման մի շարք տարբերակներ։

Քննարկված մեխանիզմների թվում է եղել հատուկ ֆինանսական գործիքի ստեղծումը, որը նախատեսվում էր հանձնել Վաշինգտոնի վերահսկողությանը։ Ինչպես նշում է FT-ն, այս նախաձեռնությունը դիտարկվել է խաղաղության համաձայնագրի պայմանների մշակման համատեքստում։

Պարբերականի աղբյուրների փոխանցմամբ՝ բանակցությունների եվրոպացի մասնակիցները չեն աջակցել ամերիկյան ներկայացուցիչների առաջարկած ծրագրին, այնուամենայնիվ, ակտիվների ապաշրջափակման կարգին և դրանց հետագա օգտագործմանը վերաբերող հարցերը շարունակում են մնալ օրակարգում ու գտնվում են մշակման փուլում։

Բացի այդ, FT-ն հաղորդում է, որ Վաշինգտոնը Կիևից պահանջել է պատրաստել միջոցների ծախսման ծրագիր՝ անկախ դրանց աղբյուրից, ինչպես նաև առաջարկել է ներգրավել Արժույթի միջազգային հիմնադրամին (ԱՄՀ)՝ Ուկրաինայում հակակոռուպցիոն բարեփոխումներ իրականացնելու և հաշվետվողականության մեխանիզմներն ամրապնդելու համար։