Հայ-ադրբեջանական սահմանի երկու կողմերում էլ չպետք է լինեն անկլավներ և էքսկլավներ։ Այս մասին հոկտեմբերի 15-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով իր վերջին հայտարարությունը։

«Ես զգում եմ, որ թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում գնալով ավելի հստակ է դառնում այն ընկալումը, որ անհրաժեշտ է համապատասխան լուծում գտնել»,- ասաց Փաշինյանը։

Այնուամենայնիվ, ինչպես նշեց Կառավարության ղեկավարը, առանց սահմանազատման հնարավոր չի լինի տարածքների փոխանակում իրականացնել։

«Մենք պետք է իմանանք, թե որքան է Արծվաշենի տարածքի իրական մակերեսը։ Դա մեզ հնարավորություն կտա ճիշտ լուծել հարցը»,- նշեց վարչապետը։

Նրա խոսքով՝ Հայաստանը մտել է խաղաղության ինստիտուցիոնալացման եզրափակիչ փուլ։