Շաքիի միջադեպից տուժած կնոջ բժշկական ծախսերը ամբողջությամբ հոգում է պետությունը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 15–ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ առոսղջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նա նաև լոչ արեց լրագրողներին տուժած կնոջը նկարելիս զգուշություն ցուցաբերել։

«Լրագրողական էթիկայի շրջանակներում, երբ կինը զգայուն վիճակում է, կխնդրեմ նկարները հրապարակելուց մի քիչ ավելի զգուշավոր լինել, որովհետև այսօր թվային դաշտում, երբ մի նկար հրապարակվում է, դա մնում է, անգամ եթե հետո կինը փոշմանի, որ թույլ է տվել այդ պահին իրեն նկարել»,–ասաց նա։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ 2026 թվականի հոկտեմբերի 1-ին, ժամը 14:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, զինծառայող Նասիմի Մուսաևը, ապօրինի մուտք էր գործել Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 20-րդ տուն, հայտնաբերվելուց հետո զենքից արձակել կրակոցներ:

Կրակոցի հետևանքով վիրավորում էր ստացել 1987 թվականին ծնված Անի Ավետիսյանը:

Այնուհետև, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացին դիմել էր փախուստի: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Նասիմի Մուսաևը հայտնաբերվել էր Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 26-րդ հասցեում:

Շաքիում արձանագրված դեպքով քրեական օրենսգրքի 5 հոդվածներով նախաձեռնվել են քրեական վարույթներ, նա կալանավորվել է երկու ամսով։

Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջ քույրը՝ Արփի Ավետիսյանը NEWS.am—ին պատմել է, որ ադրբեջանցի զինծառայողը պատանդ է վերցրել երեխաներին, իսկ մայրը նրանց պաշտպանելիս կորցրել է ձախ ձեռքի 3 մատները: Իսկ երբ նա ցանկացել է վերալիցքավորել ինքնաձիգը, հայ կինը դանակով հարվածներ է հասցրել նրան։ Երբ մայրն ուշաթափվել է, որդին է բռունքով հարվածել ադրբեջանցի զինծառայողի գլխին, որի հետևանքով էլ կոտրվածք է ստացել դաստակի հատվածում։