Գագիկ Ծառուկյանը տուժող է, դա հաստատվում է փաստերով։ Հակառակը պնդել նշանակում է արդարադատությունը գլխիվայր շուռ տալ։ Դրա մասին լրագրողների հետ զրույցում դատական նիստից հետո հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։

Փաստաբանը նշել է, որ մեղադրական եզրակացության մեջ դատախազությունը չի ներառել արդարացնող ապացույցները, իսկ տուժող ճանաչված կողմի խոսքերը, նույնիսկ եթե դրանք հակասում են օբյեկտիվ իրականությանը, ընդունվել են որպես վերջնական ճշմարտություն։ «Նրանք ասում են, թե Ծառուկյանը միջոցներ չի ներդրել, որ ամբողջ գումարը իրենք են ներդրել, հետևաբար նա խաբել է մեզ։ Սակայն ձայնագրության մեջ Ծառուկյանը բազմիցս ասում է, որ նրանք պետք է վերադարձնեն միջոցները, և նրանք ոչ միայն չեն առարկում, այլև ասում են, որ գումարը իրենց մոտ է, և կվերադարձնեն։ Կա և՛ տեսանյութ, և՛ ստացականներ»,- հավաստիացրել է փաստաբանը։ Այն, որ փորձաքննությունը ստորագրության իսկության վերաբերյալ միանշանակ պատասխան չի տվել, փաստաբանը բացատրել է նրանով, որ քննիչը փորձագետին բավարար քանակությամբ նյութ չի փոխանցել։

«Հարցն այն է, որ նրանց պետք է Ծառուկյանին ներկայացնել որպես մեղադրյալ։ Քիչ չէ, որ (իրանցի գործարարները) յուրացրել են ավելի քան 14 միլիոն դոլար, մեր իրավապահների թեթև ձեռքով հավակնում են նաև 21 միլիոն դոլարի, և եթե հանկարծ դատարանը Ծառուկյանին մեղավոր ճանաչի, կբռնագրավեն նաև դա»,- նշել է Սարգսյանը։ Նա նշել է, որ գործում կա 3 դրվագ, սակայն «փողերի լվացման» վերաբերյալ տվյալներ ընդհանրապես չկան։ Այդ հոդվածը կիրառվում է, որովհետև ծանր հոդված է, սակայն որևէ ապացույց չկա, ասում են, թե եթե եղել է խախտում, նշանակում է ավտոմատ կերպով տեղի է ունեցել փողերի լվացում, պարզաբանել է փաստաբանը՝ հավելելով, որ իրավապահների գործողություններից այնպիսի տպավորություն է ստեղծվում, ասես Հայաստանը մեծ կաթսա է, որտեղ անընդհատ փողեր են լվացվում։ Փաստաբանը հավաստիացրել է, որ տեսանյութը, ինչպես նաև մյուս ապացույցները, կներկայացվեն և կուսումնասիրվեն դատարանում։

«Հարցն այն է, որ գործում առկա ապացույցներն առավել քան բավարար են։ Եթե Ծառուկյանի նկատմամբ սուբյեկտիվ վերաբերմունք չլիներ, այս գործը չէր լինի»,- նշել է Սարգսյանը։ Նա հիշեցրել է, որ «Մուլտիգրուպ»-ը դեռ ավելի վաղ հայց էր ներկայացրել նրանց դեմ դատարան, սակայն իրավապահները ձևացնում են, թե նման հայց ընդհանրապես գոյություն չունի։ Բացի դրանից, «տուժողների» նկատմամբ Իրանում նույնպես վարույթ կա։

Ձերբակալությունը կերկարաձգվի՞, հարցին ի պատասխան Սարգսյանը նկատել է, որ իրավիճակն այնպիսին է, որ կարելի է ենթադրել՝ կերկարաձգեն։ Ինչ վերաբերում է դատավորի գործողություններում կաշկանդվածությանը, ապա Սարգսյանի կարծիքով՝ դատավորը միանշանակ կաշկանդված է, սակայն հույս է ներշնչում այն, որ խնդիրը չափազանց ակնհայտ է։ «Ծառուկյանը տուժող է, դա հաստատվում է փաստերով։ Հակառակը պնդել նշանակում է արդարադատությունը գլխիվայր շուռ տալ»,- եզրափակել է Երեմ Սարգսյանը։