Ղազախստանի և Ադրբեջանի նախագահներ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն ու Իլհամ Ալիևը Բաքվում մասնակցել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային կապի գծի գործարկմանը։ Նախագիծը կոչված է ամրապնդելու Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի միջև թվային փոխգործակցությունը և լրացնելու Միջին միջանցքի զարգացումը, հայտնում է Tengrinews.kz-ը:
Տոկաևը նոր կապի գիծը բնութագրել է որպես երկու երկրների համագործակցության սկզբունքորեն նոր ձևաչափ և տրանսպորտային երթուղու թվային շարունակություն։
«Մենք գործարկել ենք շատ կարևոր մի նախագիծ, որը միջազգային հնչեղություն կունենա։ Ամենակարևորը՝ սա նոր տեսակի միջանցք է։ Սա ոչ թե տրանսպորտային միջանցք է, այլ մի նոր բան, որը ներդաշնակվում է ժամանակակից դարաշրջանին՝ թվայնացման դարաշրջանին։ Սա համագործակցության սկզբունքորեն նոր ձևաչափ է, մի տեսակ՝ Միջին միջանցքի թվային մարմնավորում»,- հայտարարել է Ղազախստանի նախագահը։
Ալիևն, իր հերթին, հայտարարել է, որ նախագիծը պահանջված կլինի ոչ միայն Կենտրոնական Ասիայում և Ադրբեջանում, այլև ավելի լայն տարածաշրջանում։
«Այս նախագիծը դարձավ համագործակցության խորացման հերթական ներդրումը, քանի որ օպտիկամանրաթելային կապի գծից կօգտվեն ինչպես Կենտրոնական Ասիայի երկրները, այնպես էլ Հարավային Կովկասի երկրներն ու ավելի լայն աշխարհագրական շրջապատը։ Մենք այսօր մեկնարկ տվեցինք գլոբալ նախագծի»,- ասել է Ադրբեջանի նախագահը։
Արարողությանը մասնակցել են նաև Ղազախստանի փոխվարչապետը՝ արհեստական բանականության և թվային զարգացման նախարար Ժասլան Մադիևը, Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևը և «Kazakhtelecom» ԲԲԸ-ի վարչության նախագահ Բաղդատ Մուսինը։
Երկու նախագահների ներկայությամբ տեղի է ունեցել Ղազախստանի և Ադրբեջանի կառավարությունների միջև Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման ոլորտում համագործակցության մասին ստորագրված համաձայնագրի փոխանակում։
Փաստաթուղթը նախատեսում է տրանսպորտային ենթակառուցվածքի համակարգված ընդլայնում, երթուղու երկաթուղային, ավտոմոբիլային և նավահանգստային հատվածներում խոչընդոտների վերացում, ինչպես նաև Կասպից ծովում հատակախորացման նավատորմի և ծովային նավարկության զարգացում։
Առանձին ուշադրություն է դարձվել բեռնափոխադրումների թվայնացմանը։ Կողմերը մտադիր են ինտեգրել տեղեկատվական համակարգերը, ներդնել «մեկ պատուհանի» սկզբունքը, ապահովել բեռների ամբողջական հետևում և պատրաստել էլեկտրոնային թվային ստորագրությունների փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիր։
Համաձայնագիրը նաև նախատեսում է վարչական, սահմանային և մաքսային ընթացակարգերի պարզեցում, այդ թվում՝ տեղեկատվության նախնական փոխանակման, ստուգումների կրճատման և լիազորված տնտեսական օպերատորների կարգավիճակի փոխադարձ ճանաչման հաշվին։
Ավելի վաղ Տոկաևը Բաքվում մասնակցել էր Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցառումների խորհրդակցության (ԱՓՎՄԽ) VII գագաթնաժողովին՝ բարձր գնահատելով Ադրբեջանի ջանքերը «այս հարթակի զարգացման՝ երկխոսության և վստահության ամրապնդման համար»։





























