Իրանի հետ ռազմավարական համագործակցության փաստաթուղթը, կարելի է ասել՝ համաձայնեցված է համարյա, առաջիկա հարմար առիթին կստորագրենք։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 16–ին, COP-17–ի շրջանակներում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը։
«Այստեղ անփոփոխ է երկու կողմերի գիտակցումը, որ մեր հարաբերությունները այսպես թե այնպես ռազմավարական են, և երկու կողմերի պատրաստակամությունը, դա մոտակա ժամանակներում հնարավոր առիթում նաև ֆորմալացնել, թղթին հանձնել և ստորագրել»,–ասաց նա։
Հարցին՝ արդյոք նախատեսվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Իրան մինչև տարվա վերջ, թե ոչ, Միրզոյանը պատսախանեց. «Նախատեսվում է այց, մինչև տարվա վերջը չեմ կարող ասել։ Ընդհանրապես միշտ Իրանի և Հայաստանի դեպքում այց նախատեսվում է։ Եթե նկատել եք Իրանում միքիչ հիմա այլ հարցերով զբաղված են, այդքան շատ հեշտ չի իրավիճակը Իրանի շուրջ։ Մենք պատրաստ ենք ամեն հնարավոր ձևով օգտակար լինել խաղաղ հանգուցալուծմանը, բայց կարծում եմ միքիչ այդ հարցերը արդեն անդին են Հայաստանին հասու միջոցներից։ Ուզում եմ ասել, որ երևի սպասենք մարդիկ մի քիչ ավելի շատ ժամանակ ունենան այս հարցերով զբաղվելու»։
Արարատ Միրզոյանը վստահեցրեց, որ COP17–ի շրջանակներում իրանական կողմի հետ առանձին հանդիպումներ կլինեն, մասնավորապես ՀՀ վարչապետի և ՀՀ նախագահի հետ։











