Սա զգայուն հարց է, որը բոլորիս է հետաքրքրում, հետևաբար այս հարցում կարևոր է փոխադարձ ընդունելի լուծման գալը, իսկ տարածքնմերի փոխանակումը պիտի համաժողովրդական քվեարկությամբ լինի։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 16–ին, COP-17–ի շրջանակներում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե կա ըմբռնում, որ Հայաստանի և Ադրբեջանի տարածքներում չլինեն անկլավներ և էքսկլավներ, այսինքն տեղի ունենա տարածքների փոխանակում։
«Եթե հասարակություններին բավարարող լուծում լինի, ապա բնականաբար կօգնի երկու հասարակությունների մինչև վստահության ամրապնդմանը, առավելագույնս ապագայի համար առանց ականների տրամադրվելը, որովհետև անկլավ-էքսկլավը այնուամենայնիվ թեկուզ տեխնիկապես, եթե նույնիսկ ամեն ինչ հրաշալի է հարաբերություններում, բարդացնում է երկրների կյանքը։
Դե դուք գիտեք ադրբեջանցիների խոսույթը, իրենք ասում են՝ մինչև սահմանադրությունը չփոխենք, մենք չենք ստորագրել, չեն ասել»,–ասաց նա։
Արարատ Միրզոյանը պարզաբանեց, թե ինչպես է լինելու տարածքների փոխանակումը. «Ենթադրենք, յուրաքանչյուրը ունի 70 քառակուսի կմ մյուսի խորքում, կամ սահմանն է մի փոքր տեղաշարժվում և անկլավները վերանում են, կամ ասում ենք՝ այն 70–ը քեզ, այս 70-ը՝ մեզ։ Պարզ է, որ այնտեղ ճշգրիտ հավասարություն չի լինի, մի քիչ պետք է փոփոխվի։
Բայց այս պահին չկա պայմանավորվածություն, կա երկու կողմերի պատրաստակամություն՝ փորձել այս հարցը լուծել այսպիսի տարբերակներով, որ հետո երկու ժողովուրդների և քաղաքացիների կյանքը չբարդանա»։
Դիտարկմանը, որ ի սկզբանե որոշվել էր, որ սահմանազատումը հյուսիսից հարավ է լինելու, ԱԳՄԱ նախարարն ասաց, որ այդ սկզբունքը չի խախտվում, բայց կա նաև ըմբռնում, որ առանձին հատվածներ գուցե արագացնելու, հերթից առաջ գցելու անհրաժեշտություն լինի։
«Օրինակ, ենթակառուցվածքներ պիտի անցնեն, կարիք կլինի մի հատ այդ մասերում առանձին սահմանը ֆիքսել, որ շինարարության ժամանակ հետո խնդիրներ չառաջանա։ Այդ պայմանավորվածությունը ձեռք է բերվել, դա գրված է, Ազգային ժողովի կողմից վավերացված է և հիմա, երբ կա այսպիսի պատկերացում նույն անկլավների մասով, ես չեմ բացառում, որ այդ հարցն էլ գա առաջ»։ Ինչ վերաբերում է ԹՐԻՓՓ նախագծի շինարարությանը, Արարատ Միրզոյանը նշեց, որ այնքան էլ իրատեսական չէ, որ մեկնաևրկը լւինի այս տարի. «Մեր մոտեցումը այսպես է, ինչքան հնարավոր է՝ շուտ։ Փորձում ենք այնպես անել, որ այս տարի ինչ-որ մի մեկնարկ տարվի շինարարության։ Չգիտեմ, մասնագետներ ասում են, դժվար հասցնենք։
ԹՐԻՓՓ–ի մասով երկու փաստաթուղթ դեռ մնացել է. մեկըբաժնետերերի համաձայնագիրն է, որով կհիմնադրվի Trip Development Company-ն, դրա կանոնադրությունը։ Սրանք ավարտական փուլում են, վերջին կետերն են արվում»,–ասաց նա։





























