Ես կարծում եմ, որ պատկերացումները և ընթացակարգերը այդ հարցի հետ կապված հստակ նկարագրված և կանոնակարգված են և մենք գործելու ենք բացառապես հաստատված կանոնակարգի շրջանակում։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 16–ին, COP-17–ի շրջանակներում լրագրողների հետ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով վարչապետ Փաշինյանի հայտարարությանը, թե կա ըմբռնում, որ սահմանազատման արդյունքում Հայաստանի ու Ադրբեջանի տարածքներում չլինեն անկլավներ ու էքսկլավներ։
«Ես պարոն վարչապետի ասուլիսը լսել եմ, ես կարծում եմ բոլոր հարցերին հստակ պատասխաններ տվել է, ավելացնելու բան չունեմ»,–ասաց նա։
Դիտարկմանը, որ վարչապետի խոսքից կարելի էր հասկանալ, որ արդեն կա որոշակի համաձայնություն Ադրբեջանի հետ այդ հարցում, Մհեր Գրիգորյանն ասաց. «Չկա համաձայնություն։ Ցանկացած հարց, որ ֆորմալ քննարկվում է և որի շուրջ կա աշխատանքային քննարկում, մենք հրապարակում ենք։ Ցանկացած հանդիպում և ցանկացած քննարկում, որի վերաբերյալ կա հստակություն, հրապարակային է, անմիջապես հրապարակվում է։
Այդ իմաստով ես կարծում եմ՝ մենք ունեցել ենք երևի 13 հանդիպում, և բոլոր հանդիպումների վերաբերյալ թե նախօրոք, թե հանդիպման արդյունքերով եղել է պաշտոնական հրապարակում արդյունքների մասին։ Դրանից ավելի բան ես ձեզ չեմ կարող ասել, որովհետև չկա։ Չկա աշխատանք սահմանազատման հետ կապված, որը ֆորմատից դուրս է, այն ֆորմատից, որի մասին դուք տեղյակ եք։ Եթե մենք անկլավ–էքսկլավների վերաբերյալ հարցի շուրջ քննարկում ունեցած լինեինք, ըստ էության, և աշխատանքային հանդիպման կամ քննարկման կարգավիճակ ունենար հարցը, դուք կտեսնեիք հաղորդագրություն, որտեղ բոլոր հարցերի պատասխանները մաքսիմալ բացահայտված կլինեին»։
Նա հավելեց, որ ինքը չի մասնակցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների զրույցին, չգիտի՝ ինչ են զրուցել. «Իր զրույցների մասին վարչապետն ինքը հայտարարել է։











