Հայկական երկաթուղին ունի առաջնահերթություններ, և ոլորտի զարգացումն առհասարակ առաջնահերթություն է Հայաստանի կառավարության համար, որոշվել է ձևավորել աշխատանքային խումբ, որին կմասնակցեն ոլորտի հայաստանյան պատասխանատու պաշտոնյաները և Ռուսաստանի կողմից ոլորտի պատասխանատու պաշտոնյաները և երկաթուղու մեր գործընկերները, որոնք այս պահին փաստացի կոնցեսիոն կառավարում են իրականացնում։ Այս մասին COP17–ի շրջանակում NEWS.am—ի հետ զրույցում նշեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ առաջ հայկական կողմի դիրքորոշումն ավելի կոշտ էր, ասվում էր, որ պետք է երկաթուղու կոնցեսիան փոխանցվի երրորդ կողմի և վերջ, իսկ հիմա կարծես դիրքորոշման մեղմացում կա, հայկական կողմը հիմա ասում է՝ սպասենք, տեսնեք՝ ռուսական կողմը ներդրում անում է, թե ոչ։
Խուդաթյանը հավելեց. «Աշխատանքային խմբի առջև դրվել են խնդիրներ, և ակնկալում ենք, որ աշխատանքային խումբը այդ հարցերին կարճ ժամանակում պատասխան կտա։
Կախված աշխատանքային խմբի աշխատանքի արդյունքից և այդ առաջնահերթությունների մասով իրենց տրված պատասխաններից հետագա անելիքները կորոշենք։ Այս պահին տեղեկատվությունը այդքանն է, քննարկել ենք բացառապես դրան վերաբերող հարցերով։
Մենք շարունակում ենք ասել, թե որոնք են Հայաստանի առաջնահերթությունները երկաթուղու հետ կապված, ակնկալում ենք, որ գործընկերները այդ առաջնահերթությունների կազմակերպման հստակ ժամանակացույց կտան: Քանի դեռ չկա այդ ժամանակակիցը, դժվար է ինչ-որ բանի մասին խոսել»։
Հարցին՝ ռուսական կողմի հետ քննարկումներից ինչպիսի՞ տպավորություններ եք ստացել, ՏԿԵ նախարարը պատասխանեց. «Աշխատանքային խմբի աշխատանքը ցույց կտա՝ մեր տպավորություններն ինչպիսին կլինեն, մենք այնուամենայնիվ, երկաթուղու մասով ունենք առաջնահերթություններ, ունենք երկաթուղու զարգացման մեր պատկերացումը։
Գիտեք, որ տարածաշրջանում վերջին փոփոխությունները հնարավորություն են տալիս Հայաստանը երկաթուղով կապել այնպիսի երկրների, որոնց հետ կապվելու մասին, օրինակ, հինգ-վեց տարի առաջ պատկերացնել նույնիսկ հնարավոր չէր։
Դրանով է պայմանավորված, որ մենք հիմա առաջնահերթություն ենք տեսնում այս հարցերի մերկանացման մասով, և հույս ունեմ, որ աշխատանքային խմբի գործունեությունը հենց դրան էլ միտված կլինի»։











